Նորվեգիան «Moderna» կտրամադրի Հայաստանին
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին: Այս մասին հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդեն։
«Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Դեսպան Անդրեսենը տեղեկացրեց, որ «Team Europe» նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են նաև, որ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։