Սիրիան կրկին մարտահրավերների է բախվում

Suria

  Ամերիկյան «Advance»-ը գրում է, որ այս օրերին Սիրիան որոշակի կարգավորման փուլ է անցնում: Դամասկոսն ավելի հաճախ եւ առարկայական շփումներ է հաստատում տարածաշրջանի երկրների հետ: Քննարկվում է նոր տնտեսական համագործակցությունը, վերականգնվում են երկկողմ հարաբերությունները, որոնք ընդհատվել էին մի ամբողջ տասնամյակ այն բանից հետո, երբ մի շարք արաբական երկրներ բացահայտ աջակցեցին իսլամիստ գրոհայիններին՝ հանուն Դամասկոսում «ռեժիմի փոփոխության»: Պլանը, որն ակտիվորեն առաջ էին մղում արեւմտյան որոշ տերություններ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձախողվեց: Ծայրահեղականները պարտվեցին գրեթե ամբողջ Սիրիայում, բացառությամբ հյուսիսարեւմտյան Իդլիբ նահանգում վերջին անկլավի, որտեղ նրանք պաշտպանվում են թուրքական բանակի կողմից: Դամասկոսի եւ տարածաշրջանի միջեւ հարաբերությունների վերականգնման մոտեցումն իրատեսական է: Ոչ մեկը, ոչ էլ մյուս կողմը չեն հիշում տասը տարվա պատերազմը եւ նայում են միայն ապագային: Միեւնույն ժամանակ մենք կրկին հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչպես է ամերիկյան քաղաքականությունը ազդում (կամ այս դեպքում՝ չի ազդում) Մերձավոր Արեւելքում հարաբերությունների վրա: Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը, Հորդանանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն այժմ ավելի են մոտենում Սիրիային, քանզի Վաշինգտոնն «անցում կատարեց» դեպի այլ տարածաշրջաններ (Ասիա եւ Չինաստան): Մինչ ԱՄՆ-ն պնդում էր, որ «Ասադը պետք է հեռանա», արաբական աշխարհի երկրների մեծ մասը պարզապես կատարում էր ԱՄՆ-ի ցուցումները: Բացառություն էին միայն նրանք, որոնք ծայրահեղ վատ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ: Բայց նրանք, որոնք ողջ տասնամյակի ընթացքում կոչ են արել տապալել Ասադին, այդքան հեշտ չեն հանձնվի: Վերլուծաբանների եւ տարբեր վերլուծական կենտրոնների մի ամբողջ սերունդ մեծացել է Սիրիայի իշխանություններին հրեշ ներկայացնելու պայմաններում, եւ կարելի է սպասել, որ Սիրիայի եւ մինչեւ վերջերս ամերիկյան ցանկությունները կատարող երկրների միջեւ հարաբերությունների այժմյան կարգավորումը ցնցող տպավորություն կթողնի այդ մարդկանց վրա: Իհարկե, նրանք հասկանում են, թե ով է «մեղավոր» այս իրավիճակում՝ Բայդենի վարչակազմը, որը չի ուզում բարձրացնել սիրիական օրակարգը: Ազդեցիկ «Foreign Policy»-ը հրապարակել է Սիրիայում իրավիճակը վերլուծող մի նյութ՝ «Բայդենի անգործությունը Սիրիայում մեծացնում է Ասադի ռեժիմի նորմալացման եւ նրանից հանցագործությունների մեղքը հեռացնելու ռիսկը» խորհրդանշական վերնագրով: Հաշվի առնելով, թե որքան երկար եւ համառորեն է Սիրիայի նախագահը պատկերվել որպես բացառիկ հանցագործ, կարելի է ենթադրել, որ «Եկեք վերադառնանք Սիրիա» կոչերը դեռ երկար կհնչեն: Սակայն ԱՄՆ-ն չի լքել Սիրիան: Կարելի է միայն կռահել, թե քանի զինվոր է այժմ տեղակայված Սիրիայի արեւելքում, եւ որն է նրանց իրական առաքելությունը: Վաշինգտոնը պնդում է, որ իրենք այնտեղ են «ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու» համար: Սակայն ԻՊ-ն այդքան էլ ակտիվ չէ Սիրիայում, ի տարբերություն Աֆղանստանի, որն ԱՄՆ-ն քաոսային կերպով լքեց օգոստոսին: Թվում է, թե Սիրիայի արեւելքում ամերիկյան բանակի հիմնական առաքելությունն է ապահովել, որ երկրի այդ հատվածը, որը ռազմավարական առումով (եւ էներգետիկ, քանի որ կան նավթի եւ գազի խոշոր հանքավայրեր) շատ կարեւոր է, չվերադառնա Դամասկոսի վերահսկողության տակ: Բացի այդ, ամերիկյան զորքերն այնտեղ ակտիվորեն համագործակցում են Քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի մարտիկների հետ: Այս սերտ համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ, ավելի ճշգրիտ՝ 2014-ի սեպտեմբերից, երբ ամերիկյան ուժերը ներխուժեցին Սիրիա՝ քրդական ուժերին այն ժամանակ «ծայրահեղ հզոր» ԴԱԻՇ-ի հարվածը կանխելու համար: Միացյալ Նահանգներին հաջողվեց պաշտպանել քրդերին, եւ դրա դիմաց նրանք ձեռք բերեցին շատ հավատարիմ դաշնակից, չնայած ամերիկյան հավատարմությունն այս դեպքում կասկածելի է: Քրդերն ուշադիր հետեւում էին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ տեսան, թե որքան արագ ամերիկացիներն իրենց երեկվա դաշնակիցներին թողեցին ճակատագրի քմահաճույքին: Նրանք տեսան նաեւ, թե ինչ էր կատարվում բանակի հետ, որն ուներ ԱՄՆ-ի աջակցությունը եւ հանկարծ կորցրեց իր միակ հենարանը: Խոսքը տարիների ընթացքում ստեղծված, բայց ընդամենը մի քանի օրում փլուզված ու անհետացած աֆղանական բանակի մասին է: Որոշ զուգահեռներ կարելի է անցկացնել Աֆղանստանի եւ Սիրիայի միջեւ: Արդյոք աֆղանական զինվորականներն ուզո՞ւմ էին բանակում ծառայել ամերիկյան խիստ վերահսկողության ներքո: Ակնհայտ է, որ ոչ: Երբ ԱՄՆ-ն հեռացավ Աֆղանստանից, բանակը ցրվեց, եւ մի մասը, ինչը շատ հավանական է, համալրեց թալիբների շարքերը: Ինչ վերաբերում է սիրիական քրդերին, արդեն հայտնի է նրանց «Պլան Բ»-ն այն դեպքի համար, եթե մի օր ԱՄՆ-ն հայտարարի Սիրիայից զորքերը հանելու մասին: Քրդական առաջնորդներն անհապաղ կուղեւորվեն Դամասկոս եւ Ասադին կառաջարկեն վերականգնել միությունը: Իրականում նրանք այդպես արդեն արել են, երբ լսել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ զորքերը Սիրիայից հանելու պլանների մասին: Հասկանալի է, որ երբ Թրամփը փոխեց միտքը, իսկ ավելի ճիշտ՝ երբ նրա զինվորական կադրերը «բացատրեցին», որ նման բան չի կարող լինել, քրդերն անմիջապես հրաժարվեցին Դամասկոսի հետ հարաբերությունների վերականգնման գաղափարից եւ վերադարձան այն շարքերը, որոնք վերահսկվում էին ԱՄՆ-ի կողմից: Եթե Միացյալ Նահանգները Չինաստանին մոտեցնի այն ամենը, ինչ ունի, նշանակում է՝ միայն ժամանակի՞ հարց է, թե երբ, վերջապես, խաղաղությունն ու կայունությունը կթագավորեն Սիրիայում: Ցավոք, դա այդպես չէ, քանի որ կա եւս մեկ խաղացող, ով մոտ ապագայում կդառնա Սիրիայի կայունության գլխավոր գործոն (եւ արդեն այդպիսին է): Իհարկե, խոսքը Թուրքիայի մասին է: Սիրիայի հյուսիսային տարածքը՝ Թուրքիայի սահմանի երկայնքով գոտին, արդեն դե ֆակտո թուրքական ռազմական օկուպացիայի տակ է: Անկարան այնտեղ զորքեր է ուղարկել՝ հայտարարելով, որ ստիպված է վերահսկել այդ հողերը «հանուն սեփական ազգային անվտանգության»: Թուրքիան Քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերը համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն նույնպես Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում է «ահաբեկչական կազմակերպություն», բայց միեւնույն ժամանակ դաշնակցային հարաբերություններ է պահպանում նրա հետ: Այս ամենը հաստատում է, որ այս դեպքում անվանումները միայն քաղաքական պիտակներ են: Սիրիայի խնդիրն այն է, որ Թուրքիան կօգտագործի քրդերի ներկայությունը՝ Սիրիայի խորքերը ներթափանցելու համար: Առայժմ թուրքերին կանգնեցնում է միայն այն, որ նրանց գործողությունները կարող են հանգեցնել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հերթական սրացմանը: Նման գործողության դեպքում թուրքական եւ ամերիկյան բանակների միջեւ զինված բախում միշտ էլ հնարավոր է, քանի որ ամերիկացիներն աջակցում են Ազգային ինքնապաշտպանության ուժերին: Իրականում նման դեպքերից հազիվ էր հաջողվում խուսափել այն ժամանակ, երբ Թուրքիան 2018 եւ 2019 թթ. Սիրիայի հյուսիսում երկու օկուպացիոն հարձակում ձեռնարկեց: Ամերիկյան ուժերը դժկամությամբ նահանջեցին դեպի հարավ-արեւելք՝ Ազգային ինքնապաշտպանության ուժերին հրամայելով անել նույնը: Բայց ժամանակի ընթացքում թուրքական ախորժակը շարունակում է մեծանալ: Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան «կանի այն, ինչ պետք է անի» իր անվտանգությունն ապահովելու համար: Մեկնաբանություն նա կատարել է այն բանից հետո, երբ, թուրքերի խոսքերով, Ազգային ինքնապաշտպանության ուժերն անցել են սահմանը եւ հարձակվել թուրք զինվորականների վրա: Զոհվել է երկու թուրք ոստիկան: Միջադեպը գրանցվել է կիրակի: Սիրիական Ազազ շրջանի տարածքից հրթիռ է արձակվել: Մեկ օր անց երկու նռնակ է պայթել հարավթուրքական Կարքամիշ քաղաքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ «դա կաթիլ էր, որը լցրեց համբերության բաժակը», եւ որ Թուրքիան զբաղվելու է «Հյուսիսային Սիրիայից բխող սպառնալիքների վերացմամբ»: Մամուլի ասուլիսում Չավուշօղլուն ասել է, որ «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն կատարել իրենց խոստումները», քանի որ Ազգային ինքնապաշտպանության ուժերը չեն լքել թուրք-սիրիական սահմանը: «Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները մեզ խոստացան, որ ահաբեկիչները կհեռանան մեր սահմաններից 30 կիլոմետր հեռավորությամբ: Խոստումներ տրվեցին, բայց չիրականացվեցին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատասխանատու են, քանի որ ահաբեկիչները դեռ այստեղ են»,- նշել է նա: 2019 թ. Թուրքիան, առանձին պայմանագրեր կնքելով ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ, համաձայնեց դադարեցնել իր առաջխաղացումը, եթե այդ երկրները հավաստիացնեն, որ Ազգային ինքնապաշտպանության ուժերը լքելու են Թուրքիայի սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց գոտին: Հասկանալի է, որ ցանկության դեպքում Թուրքիան հեշտությամբ կարող է պատրվակ ստեղծել նոր ռազմական գործողության համար, եւ, ինչպես երեւում է, սա հենց այն է, ինչին նա պատրաստվում է այժմ: Նոր դժվարին ժամանակներ ու մարտահրավերներ են սպասվում Սիրիային, բայց, միեւնույն է, որոշ երկրների հետ հարաբերությունների վերը նշված կարգավորումը լավ նորություն է: Ի վերջո, շատ ավելի հեշտ կլինի լուծել ամերիկյան օկուպացիայի խնդիրը, որի ավարտի մասին, թերեւս, ԱՄՆ-ն արդեն մտածում է: Իսկ թուրքական ռազմական ներկայությունը մշտական եւ էքսպանսիոն տեսք ունի…

 

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...