Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։
shamshyan.com