Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

AMN Iran

  Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ պատրաստ ենք ուղիղ բանակցություններին: Մեր դիրքորոշումը անփոփոխ է՝ մենք պատրաստ ենք վերադառնալ փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններին», — ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ֆայները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջվա պես տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի դրույթներին:

Իրանի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ստորագրվել է 2015 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ու Գերմանիայի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց իր երկիրը նշված համաձայնագրից դուրս բերելու մասին, սակայն գործող նախագահը՝ Ջո Բայդենը, կողմ է Գործողությունների համապարփակ ծրագրին ամերիկյան կողմի մասնակցությունը վերականգնելուն:

Ձեզ կհետաքրքրի...