Էրդողանն արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է 44-օրյա պատերազմում Հայաստանի լրատվականների դերում հանդես գալու մեջ՝ դա անվանելով «թվային ֆաշիզմ»

lratvamijocner

 Թյուրքալեզու պետությունները պետք է միասնաբար պայքարեն ստի և ապատեղեկատվության հոսքերի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թյուրքական խորհրդի առաջին մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ այսօր սուտն ու խեղաթյուրված տեղեկություններն անուղղելի վնաս են հասցնում ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց։ «Չվերահսկվող սոցիալական ցանցերը վերածվել են ժողովրդավարության, հասարակության ու պետության ազգային անվտանգության համար սպառնալիքի։ Մեր երկրները պետք է ձևավորեն անկախ տեղեկատվական համակարգ ու ԶԼՄ-եր, ինչպես դա անում է Թուրքիան պաշտպանական ու ռազմական ոլորտներում»,- ասել է Էրդողանը։ Նա անդրադարձել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին՝ բողոքելով, որ արևմտյան հայտնի լրատվամիջոցները, իբր, անտեսել են պատերազմում Ադրբեջանի դեմ Հայաստանի ԶՈՒ-ի իրականացրած հանցագործությունները՝ դա անվանելով «թվային ֆաշիզմի» դրսևորում։ «Տեղեկատվական ոլորտում երկակի ստանդարտների ականատեսը եղանք Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում, դա հաստատում է ստի ու ապատեղեկատվության դեմ մեր բոլորի պայքարի կարևորությունը։ Հայաստանի ԶՈՒ-ն բալիստիկ հրթիռներով է Ադրբեջանի քաղաքները հրթիռակոծել, իրականացրել զանգվածային սպանություններ, սակայն արյունալի այդ հանցագործությունները չեն լուսաբանվել։ Մեդիա կառույցները, որոնք հայտարարում են խոսքի ազատության ու իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման մասին, գործնականում հանդես եկան որպես Հայաստանի պաշտոնական տեղակատվական գործակալություն»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ թյուրքալեզու պետությունները պետք է ինքնուրույն բոլոր սպառնալիքները վերացնեն ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվության։ Հավելենք, որ նախորդ տարի, դեռևս Արցախյան 44-օրյա պատերազից առաջ, թուրք-ադրբեջանական տանդեմը տեղեկատվական գրոհներ էր իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ, որոնք ակտիվ փուլ մտան հենց պատերազմի ժամանակ։ Ստեղծվել է նաև թուրք-ադրբեջանական համատեղ մեդիա հարթակ, կողմերը մեդիայի ոլորտում տարբեր փաստաթղթեր են ստորագրել ու ակտիվորեն աշխատում են հակահայկական քարոզչական դաշտում։ Միաժամանակ, Թուրքիայում գործում են Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող տարբեր լրատվամիջոցներ, պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահեթթին Ալթունի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև, որոնք քննարկում են քարոզչական ոլորտում Հայաստանի դեմ ուղղված քայլերը։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...