ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտել 3+3 ձևաչափին. Զախարովա

Zakhar

  Ռուսաստանն ակնկալում է, որ հնարավորինս արագ կգործարկվի 3+3 (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափը Հարավային Կովկասում, բայց արևմտյան որոշ ուժեր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են խանգարել այդ գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում:

«Մենք տեսնում ենք, որ արևմտյան որոշ պետություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, փորձում են խանգարել որոշ գործընթացների,- ասել է Զախարովան: -Մեր կողմից առաջնորդվում ենք 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ մեկնարկով՝ ի շահ բոլոր մասնակիցների»:

Զախարովան նշել է, որ ամերիկյան կողմը գործընթացին խոչընդոտելու իր փորձերում զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային: Ըստ այդմ, նա հիշեցրել է, որ այդ ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանը սատարել է այդ նախաձեռնությունը: Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային գործակցության զարգացումը ուղղակիորեն բխում է այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով այդ մեխանիզմի գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա տարաձայնությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և մարդասիրական ներուժի բացահայտմանը»,- ասել է Զախարովան: 

Զախարովան նաև ողջունել է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերիներին վերադարձնելու փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կշարունակվի:

«Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից տուն վերադարձան հինգ հայ գերիներ: Ողջունում ենք Բաքվի այդ քայլը, հույս ենք հայտնում, որ ձերբակալվածներն վերադարձնելու գործընթացը կշարունակվի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ 2020թ. դեկտեմբերից հայրենիք է վերադարձել 122 գերի, որոնցից 105-ը հայ, 17-ն ադրբեջանցի:

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երևանին հարաբերությունների կարգավորման համար: 

Ձեզ կհետաքրքրի...