Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություններ չունի. Փաշինյան
2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկսոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Հայաստանը հետևողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա արվելու է մտածված քայլերով՝ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը՝ զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը:
«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար։
«Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն՝ զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,-նշել է Փաշինյանը