Լավրովը մեկնաբանել է Դոնբասում Ուկրաինայի կողմից «Բայրաքթար» անօդաչուների կիրառումը
Մոսկվան ստուգում է Ուկրաինայի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ առաջին անգամ Դոնբասում օգտագործել են «Բայրաքթար» անօդաչուն և կառավարվող ռումբով ոչնչացրել հակառակորդի թնդանոթը։ «Ինչ վերաբերում է Դոնբասում Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին հաղորդագրություններին, մենք հիմա վերստուգում ենք այն։ Կիևի իշխանությունների վերջին հայտարարություններից շատ դժվար է հասկանալ՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ հորինվածքը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Մոսկվան այդ տեղեկությունը ստուգում է «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներով։