Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

Hay Qrdakan

 Արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Սա առաջին դեպքն է, երբ հայ դիվանագետն արժանանում է նման գնահատանքի։ Մարոկկոյում եւ Թունիսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը այցելել էր Իրաքյան Քուրդիստան (ԻՔ)՝ քրդական կողմի հրավերով եւ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, մասնավորապես՝ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ջանքերով: Այցի կազմակերպման նպատակն էր նոր լիցք հաղորդել հայ-քրդական պատմամշակութային համագործակցությանը։ Փոլադյանն այցի շրջանակներում Էրբիլի, Դհոկի եւ Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է եկել հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով, պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արշակ Փոլադյանը նշեց, որ բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել իր կողմից ներկայացված թեմաների հանդեպ, մասնավորապես՝ քրդերի էթնիկական ծագման, հայ-քրդական հարաբերությունների մասին։ Ընդհանուր գծերով անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցությանը։ Դեսպան Փոլադյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ԻՔ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ելույթ է ունեցել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար, որի ընթացքում եւս քննարկվել են հայ-քրդական երկկողմ հարաբերություններին եւ Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությանն առնչվող հարցեր: Դրան նախորդել էր հանդիպումն Իրաքյան Քուրդիստանի ԱԳ նախարարի հետ, որի հետ քննարկվել են հայ-քրդական պատմամշակութային կապերը, կարեւորվել է մերօրյա հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը։ «Հայ-քրդական հարաբերությունները, ի վերջո, մտնում են մերձավորարեւելյան քաղաքականության շրջանակի մեջ»,- ասաց զրուցակիցս։ ԱԳՆ ընդունելության ժամանակ նա հնարավորություն է ունեցել հանդիպելու նախագահի խորհրդականի հետ։ Սեպտեմբերի 28-ին կայացել է Փոլադյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության եւ ԻՔ-ի տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մի շարք համալսարանների ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշել են, որ բուհերի ուսանողների համար պատրաստված քրդերի միջնադարյան պատմության դասագրքերում ընդգրկված են նաեւ պրոֆեսոր Փոլադյանի աշխատությունները: Նրա գիտական գործունեությունը բարձր է գնահատվել քրդագիտության, քրդերի ծագման վերաբերյալ անտիկ եւ միջնադարյան աղբյուրների ուսումնասիրման ոլորտներում։ Արդեն հանդիպման վերջում ԻՔ գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աբդ ալ Ֆաթթան Ալի Բութանին տեղեկացրել է, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, որպես գնահատանք քուրդ ժողովրդի պատմության, ժառանգության եւ թարգմանության բնագավառներում ունեցած ջանքերի եւ այդպիսով քուրդ ժողովրդին մատուցած ծառայությունների, 2021 թ. սեպտեմբերի 26-ին միաձայն կայացրել է թիվ 13 որոշումը, որով դեսպան դոկտոր Փոլադյանն ընտրվել է ԻՔ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Այն, որ Փոլադյանի աշխատություններն ընդգրկված են բուհական դասագրքերում, խոսում է պրոֆեսորի կատարած աշխատանքի նկատմամբ ունեցած վստահության եւ գնահատանքի մասին։ Բնականաբար, որեւէ ժողովուրդ մեկ այլ՝ օտար հեղինակի աշխատությունները որպես դասագրքային նյութ չի օգտագործի, եթե չունենա բավարար վստահություն։ «Քրդերն իրենք էլ չունեն նման դասագրքեր, որտեղ ներկայացված լիներ մոտ 300-400 տարվա պատմությունն ընդգրկող ժամանակաշրջանը։ Ինձ համար անսպասելի էր, երբ տարբեր համալսարաններում ասացին, որ իրենց ուսանողները տվյալ ժամանակաշրջանի մասին սովորում են այդ գրքերով»,- ասաց Փոլադյանը։ Նշենք, որ քրդագետն իր աշխատություններում անդրադարձել է քրդերի պատմության 7-11-րդ դդ. ընկած ժամանակաշրջանին, ընդհուպ մինչեւ 12-րդ դար, այսինքն՝ սելջուկյան ժամանակաշրջան։ Անդրադառնալով հայ-քրդական հարաբերություններին եւ համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցս նշեց, որ այս առումով բավական բացեր կան, բայց նաեւ՝ մեծ աշխատանք, հատկապես գիտամշակութային-կրթական ոլորտում։ Հայաստանում մենք ունենք քրդերի հետ կապված բավականին նյութեր, օրինակ՝ Մատենադարանում են պահվում ձեռագրեր, որոնք հայատառ քրդերենով են։ Մատենադարանի պահոցներում է 15-րդ դարի հայատառ քրդերեն Կտակարանը։ Կան նաեւ քրդերի մասին արխիվային նյութեր։ «Հանդիպումների ժամանակ նրանց ներկայացրել եմ, թե հայերն ինչպիսի տիտանական աշխատանք են կատարել հատկապես Արեւմտյան Հայաստանում քրդերի մեջ լուսավորություն տարածելու համար։ Զգալով Օսմանյան կայսրությունում սպասվող վերահաս վտանգը՝ հայերը միշտ փորձել են հնարավորության սահմաններում քրդերին հեռու պահել ինչ-ինչ քայլերից կամ իրազեկել, որ որոշակի զարգացումների հետեւանքները կարող են վատ լինել։ Այդ շրջանի հայկական մամուլը բազմաթիվ հոդվածներ է գրել քրդերի մասին, 19-րդ դարում դասագրքեր են տպագրվել, անդրադարձել ենք քրդերի պատմությանը, ազգագրությանը, մշակութային տարբեր հարցերի, հատկապես ֆոլկլորին։ Իրենց մեջ հետաքրքրություն առաջացավ այս թեմատիկայի հանդեպ»,- մանրամասնեց Փոլադյանը։ Արդեն 19-րդ դարի կեսից հարաբերությունները լարված էին՝ թուրքական յաթաղանը կամ Բարձր դուռը մեծ աշխատանք էր տանում տարբեր ուղղություններով քրդերին հայերի դեմ հրահրելու համար։ «Մինչեւ այդ շրջանը կարծես թե ամեն ինչ նորմալ է եղել։ Ճի՛շտ է, եղել են կռիվներ եւ բախումներ, բայց իրավիճակը փոխվեց հատկապես համիդյան շրջանից»,- հավելեց նա։ Նկատենք, որ հայերը տարածաշրջանի մյուս ժողովուրդների հանդեպ մշտապես լուսավորչական կեցվածք են որդեգրել։ Այցի ընթացքում դոկտոր Փոլադյանը հանդիպել է նաեւ Դհոկի եւ Էրբիլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի։ Իրաքյան Քուրդիստանում ապրող հայերի համար ինքնության հետ կապված որեւէ խնդիր չկա, քրիստոնյա են՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, թեեւ քրդախոս են։ Փոլադյանն ընդգծեց, որ, ընդհանրապես, քրիստոնյաների եւ մասնավորապես հայկական համայնքի նկատմամբ պետական մեծ ուշադրություն կա։ Բավական է նշել, որ մի քանի քաղաքներում երկրի իշխանությունների կողմից հող է հատկացվել հայկական եկեղեցիների կառուցման համար, իսկ ամբողջ ֆինանսավորումը պետությունն է կատարել։ Դեսպանն անձամբ է այցելել այդ եկեղեցիները թե՛ Դհոկում, թե՛ Էրբիլում եւ նշում է, որ դրանք բավական մեծ եւ գեղեցիկ են։ ԻՔ-ում գտնվելու ընթացքում Փոլադյանն այցելել է նաեւ եզդիական սրբավայր Լալեշ, որտեղ հանդիպել է եզդիների հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներին։ Լավ մթնոլորտում է անցել եզդիական համայնքի հետ հանդիպումը, վերջիններս հետաքրքրվել են Հայաստանում ապրող եզդիներով։

hpress.am

Ձեզ կհետաքրքրի...