Ես եմ հետ քաշվելու հրաման տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից հետ քաշվելու մասին
Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, որևէ նման բան եղե՞լ է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Սյունիքի սահմաններից հետ քաշվելու հարցին ի պատասխան:
«Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,-ասաց նա: Փաշինյանը շարունակել է, թե «… մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած, եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով»,-ասաց նա՝ հղում անելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին»:
Պատգամավորի դիտարկմանը, թե ստացվում է՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյա՞նն է զորքերի հետ քաշվելու հրաման տվել, Փաշինյանը հայտնել է, որ ոչ. «Ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ որոշումը կայացվել է ռազմավարական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով: