Ի՞նչի մասին է վկայում Իսրայելի վարչապետի ոգեւորությունը

Vogevorutyun

  Իսրայելի պաշտպանության բանակը երեկ երկօրյա զորավարժություններ է սկսել Գազայի սահմանի երկայնքով՝ ստորաբաժանումների պատրաստականությունը բարձրացնելու եւ պաղեստինյան կողմից հնարավոր «ահաբեկչական գրոհները» հետ մղելու համար: Այս մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը: «Զորավարժությունները, որոնք սկսվել են Գազայի հարակից շրջաններում, պաշտպանական բնույթ ունեն եւ կավարտվեն չորեքշաբթի»,- նշված է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում ավելացրել են, որ ուսումնական մանեւրներում ներառված են «հանկարծակի հարձակումները»: Բանակում նշել են, որ «Գազայի հատվածից ահաբեկչական կազմակերպությունների հարձակումների տարբեր սցենարներին ստորաբաժանումների արձագանքը կիրառելիս հաշվի կառնվի 2021 թ. մայիսին «Պատի պահապանները» գործողության ընթացքում ձեռք բերված փորձը։ «Զորավարժությունները նախապես են պլանավորվել՝ 2021 թ. մարզումային ծրագրի շրջանակներում»,- հավելել են մամուլի ծառայությունում։ Ուշագրավ է, որ իսրայելական բանակի զորավարժություններն անմիջապես հաջորդեցին այդ երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը: Հատուկ ուշադրությունը, որը Բենեթի նկատմամբ դրսեւորել է Վլադիմիր Պուտինը, Իսրայելում դիտարկվել է որպես Ռուսաստանի նախագահի մտադրությունների լրջության եւ հրեական պետության նոր վարչապետի հետ ապագայի համար անձնական հարաբերությունների հաստատման ցանկության ապացույց: Հանդիպումը համընկել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակին, ինչի մասին հիշել են Պուտինն ու Բենեթը տեսախցիկների առջեւ: Նրանք շեշտել են «երկրների միջեւ յուրահատուկ հարաբերությունները, հիշել միլիոնավոր ռուսալեզու իսրայելցիներին, «դեսպաններին», ովքեր խոսում են ռուսերենով» եւ հսկայական ներդրում ունեն Իսրայելի զարգացման մեջ: «Հանդիպումը ջերմ էր եւ դրական»,- մեկնաբանել է Բենեթը: Նրա խոսքերով՝ այն «հատկապես խորքային» էր: «Որպես մարդ, ով ավելի քան 10 տարի ներկա է լինում նման հանդիպումների, կարող եմ վկայել, որ սա իմ հիշողության մեջ ամենաջերմ հանդիպումներից մեկն է»,- ասել է Իսրայելի շինարարության նախարար, ռազմաքաղաքական կաբինետի անդամ Զեեւ Էլկինը, ով ավանդաբար մասնակցում է ՌԴ-ի հետ նման մակարդակի բանակցություններին: Վստահության այսպիսի մթնոլորտի ստեղծումը կարեւոր էր Իսրայելի համար, որովհետեւ քննարկվել է ոչ հեշտ հարցերի մի ամբողջ շարք՝ իսրայելական մտահոգությունները Սիրիայում Իրանի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ, Իրանի միջուկային ծրագիրը եւ այդ երկրի՝ շեմային միջուկային տերության վերածվելու հնարավորությունը, գործողությունների ավելի արդյունավետ կոորդինացումը Սիրիայում՝ իսրայելական սահմանին իրանամետ զինյալների համակարգող եւ սիրիացի նախկին խորհրդարանական Մադհաթ Սալահի վերացման ֆոնին: Երկու ղեկավարները հետաքրքրված են «համակարգման պահպանման մեջ, որն այսօր գոյություն ունի՝ կապված սիրիական հարցի հետ»: Ինչպես նշել է Էլկինը, Պուտինը հասկացրել է, որ նշված հարցում չկան սկզբունքային փոփոխություններ. գործողությունների համակարգումը շարունակվում է, իսկ Իսրայելը կարող է առանց որեւէ խոչընդոտի Սիրիայում գործել իրանական ու իրանամետ թիրախների դեմ: Ըստ Էլկինի՝ Պուտինն ու Բենեթը միաժամանակ քննարկել են իրանական միջուկային ծրագրի զարգացումը կանգնեցնելու միջոցները: Առայժմ, իհարկե, պարզ չէ, բայց Իսրայելում հույս ունեին, որ կհաջողվի համոզել ՌԴ-ի նախագահին՝ օգնելու այդ հարցում: Իսկ Բենեթն ու Էլկինն անօրինակ ոգեւորություն են ապրում՝ դրական գնահատելով իրենց այցը Սոչի: Այն, որ Իսրայելն արցախյան 44-օրյա պատերազմում ակտիվորեն օգնել է Ադրբեջանին եւ կփորձի հաստատվել այնտեղ՝ այդ երկիրն Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործելու համար, արդեն համարժեք ընկալվել է Իսլամական Հանրապետության կողմից: Հենց դրանով է բացատրվում ճգնաժամն իրանա-ադրբեջանական հարաբերություններում՝ սպառնալով վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Հետաքրքիր է, որ այդ հեռանկարն ամենեւին չէր վախեցնում Բաքվին. հավանաբար, այդ երկրին խոստացել էին օգնել Իրանի դեմ պատերազմում: Ինչեւէ, Ադրբեջանը կօգտագործվեր, իսկ պարտության դեպքում պարզապես կանհետանար աշխարհի քարտեզից, եւ դա, բնականաբար, ամենեւին էլ չէր մտահոգի նրա «հովանավորներին»: Չէ՞ որ Բաքուն փորձում է ինչ-որ բան ստանալ օգտագործվողի դիրքերից: Իրանն Ադրբեջանի սահմանին անցկացրած զորավարժություններով ապացուցել է, որ բավարար չափով ուժեր ունի՝ պատժելու նրանց, ովքեր սպառնում են իր ազգային հետաքրքրություններին ու անվտանգությանը: Իրանցի պատգամավոր Մոջթաբ Զոլանուրին, մասնավորապես, հայտարարել է, որ «չարաբաստիկ եռանկյունու»՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի ղեկավարների քայլերն ուղղված են Իրանում իրավիճակի ապակայունացմանը։ «Եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ուղղակի կամ անուղղակի կերպով ոչ անվտանգ իրավիճակ առաջացնել Իսլամական Հանրապետության սահմաններին, որջ ստեղծել ահաբեկչական խմբավորումների համար կամ այնտեղ տեղակայել Իսրայելի բանակն ու նրա լրտեսական ցանցերը, ապա դա սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Թող իմանան, որ մենք որեւէ մեկի հետ փոխզիջման չենք գնում, երբ խոսքը մեր գոյության ու անվտանգության մասին է: Ապացուցել ենք, որ ուժ ունենք՝ պատժելու յուրաքանչյուրին, ով կսպառնա Իրանի շահերին»,-ընդգծել է նա՝ զգուշացնելով, որ եթե Էրդողանն ու Ալիեւը չփոխեն իրենց քաղաքականությունը, կկրկնեն Սադամ Հուսեյնի ճակատագիրը: Այս հայտարարությունը մեկն է Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ ուղղված արտահայտություններից, բայց ցուցադրում է, թե ինչպիսի ատելությամբ ու զայրույթով է Իրանը վերաբերվում իր սահմանների մոտ իսրայելական ուժերի հաստատման ցանկացած փորձի: «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Իրան-Հայաստան ճանապարհը կտրելու ադրբեջանաթուրքական փորձը Թեհրանի կողմից արժանացավ կոշտ պատասխանի: Այս իրադարձություններից հետո Իսրայելի ֆինանսների նախարար, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերանը «Walla» պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իրանի հետ հակամարտությունը ժամանակի հարց է, իսկ դրան շատ չի մնացել»: Միեւնույն ժամանակ Լիբերմանը վստահ է, որ ոչ մի դիվանագիտական գործընթաց կամ համաձայնագիր չի կարող կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Երկամյա ընդմիջումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի հրամանի համաձայն՝ հրեական պետության ռազմաօդային ուժերը վերադարձել են իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման սցենարի կիրառմանը: Գեներալ-լեյտենանտ Կոհավին հրամայել է ոչ միայն կենտրոնանալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրման եւ օպերատիվ ծրագրերի մշակման վրա, այլեւ ցուցում է տվել զորավարժություններ անցկացնել՝ համաձայն պլանների: Այդ նպատակի համար, ինչպես հայտնել է իսրայելական «12-րդ ալիքը»՝ առանց նշելու աղբյուրները, Թել Ավիվը մտադիր է հատկացնել 5 մլրդ շեքել կամ 1.5 մլրդ դոլար: Կառավարությունը դա պետք է հաստատի նոյեմբերին՝ 3 մլրդ շեքելը նախատեսելով նախորդ, իսկ 2 միլիարդը՝ 2022 թ. բյուջեից: Միջոցները նախատեսված են ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ ամրացված ստորգետնյա օբյեկտների վրա հարձակման համար անհրաժեշտ սպառազինության յուրահատուկ տեսակների ձեռքբերման համար: Իրադարձությունների այսպիսի ընթացքի ֆոնին Թել Ավիվի զորավարժությունների պաշտպանական բնույթի մասին հայտարարությունները, ինչպես նաեւ այն, թե որքանով են դրանք պարզապես համընկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակահատվածին, բազմաթիվ հարցեր են առաջացնում… Հոկտեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի գաղտնի գործողությունների դեմ, որոնք միտված են Թեհրանի միջուկային ծրագրի զսպմանը:

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...