Թուրքիայից տասնյակ սիրիացիների կարտաքսեն սոցցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսելու համար (տեսանյութ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։

Սիրիացի երիտասարդներն այդ ակցիան սկսել են TikTok-ում և այլ հարթակներում։ Նրանք տարածում են տեսանյութեր, որոնցում բանան են ուտում՝ այդպիսով արձագանքելով օրեր առաջ սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում աղմուկ բարձրացրած մի ռեպորտաժի։

Թուրքական հասարակությունում սիրիացի փախստականների նկատմամբ առկա ընկալումը ցույց տվող այդ ռեպորտաժում անցորդներից մեկը դիմում է հարցազրույց տվող սիրիացի ուսանողին՝ ասելով․ «Դու ինձնից ավելի հանգիստ ես ապրում։ Ես բանան չեմ կարողանում ուտել, իսկ դուք շուկաներից կիլոգրամներով բանան եք գնում»։

Ակցիայի շրջանակում արվող այդ տեսանյութերը Թուրքիայում միգրանտների հարցերով զբաղվող վարչությունը համարել է հիմք սիրիացի երիտասարդներին արտաքսելու համար, ինչից հետո ՆԳՆ-ն հայտնել է 7 անձի ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտարարվել է, որ հաստատվել է տեսանյութերում ներգրավված 31 անձի ինքնությունը։ Նրանցից 11-ն արդեն ձերբակալվել են։

ermenihaber.am

 

Ձեզ կհետաքրքրի...