Մենք նվերներ չենք ընդունում մարդասպաններից․ Իտալացի պատգամավորը շպրտել է թուրքիայի դրոշի պատկերով շոկոլադե տուփը․ (տեսանյութ)

 

ԲՀԿ-ական Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թուրքերը, իրենց դիվանագիտական ավանդույթի համաձայն, որոշել են եվրոպացի պատգամավորների համար փոքրիկ նվեր պատրաստել և եվրախորհրդարանականներին նվիրել են Թուրքիայի դրոշի պատկերով շոկոլադե տուփ։

Պարզ է, որ նման «պուճուրիկ» նվերները թուրքական փափուկ ուժի տարր են, բայց երեկ իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով այդ շոկոլադե տուփը։

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում, դատապարտել է թուրքական զինված ուժերի՝ «Խաղաղության աղբյուրի», ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում։

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանն ի պատասխան սկանդալային ելույթի ժամանակ թուրք պատգամավորների նվիրաբերած շոկոլադե տուփը ցուցադրաբար նետվել է գետնին։ Միաժամանակ իտալացի պատգամավորը իր գործընկերներին հորդորում էր նույնն անել իրենց բաժանված շոկոլադե տուփերի հետ. «Ես ասում եմ «ո՛չ» նման Թուրքիային»,- ասաց նա։ 

Չիոկան նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա և հավելել, որ իրենք նվերներ չեն ընդունում մարդասպաններից և ահաբեկիչների հանցակիցներից։

Իտալացի պատգամավորի այս քայլը շատ լուրջ աղմուկ բարձրացրեց համաշխարհային լրատվամիջոցներում։

Այժմ հարցն այն է, թե ինչու եվրախորհրդարանի պատգամավորները պատկերավոր «թուրքական շոկոլադը» չնետեցին, երբ թուրքական ինքնաթիռները ռմբակոծում էին խաղաղ արցախցիներին  և Արցախի քրիստոնեական տաճարները։ Անմիջապես ասեմ, որ եվրոպացի պատգամավորներից դժգոհություններ չկան, բայց կարծում եմ, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Եվրախորհրդարանի կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը մեր համար շատ լուրջ ազդակ պետք է լինի։

Ձեզ կհետաքրքրի...