Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:
Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար: Քաղաքաշինության պատասխանատուները Նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, շահագործման կհանձնվեն:
Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: