Մակրոնի այցից մինչև ուղարկվող պատվաստանյութի և գերիների վերադարձի հարց. դեսպանը մանրամասներ է հայտնել
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: «Արմենպրես»-ն այս և այլ հարցերի մասին զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ:
-Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում:
— Շնորհակալություն «Արմենպրես»-ին՝ հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:
-Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են տարբեր ոլորտներում, հաջողված ծրագրերից որո՞նք կառանձնացնեք, երկկողմ համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում առաջիկայում: Դուք որպես դեսպան ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը՝ երկու երկրների հարաբերությունները, համագործակցությունը տարբեր ոլորտներում էլ ավելի խորացնելու համար:
-Անցյալ տարի այն դժվար ժամանակաշրջանից հետո, որ Հայաստանն ապրեց, Ֆրանսիայի գործունեությունն այստեղ ավելի շատ հումանիտար բնույթ կրող ծրագրերով էր արտահայտվում: Եղավ 8 կարևոր ծրագիր, որը թույլ տվեց հրատապ աջակցություն ցուցաբերել մարտական գործողություններից ամենաշատ տուժած բնակչությանը: Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Եվ ընդհանուր առմամբ Ֆրանսիան, ֆրանսիացիները մոբիլիզացվել էր Հայաստանին օգնելու համար: Ծրագրեր են իրականացվել ինչպես տարբեր ասոցիացիաների, տարբեր կազմակերպությունների, ՏԻՄ-երի, այնպես էլ պետական մակարդակով: Հիմա իմ նպատակն է ավելի երկարաժամկետին գնալը, ՀՀ իշխանությունների հետ համագործակցության ավելի երկարաժամկետ ծրագրեր ներդնելը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի ժամանակ նա նշեց, որ ՀՀ-ի համար հիմա առաջնահերթություն է տնտեսական զարգացումը, որպեսզի երկիրը կոնսոլիդացվի և հայ երիտասարդության համար ապագա ապահովվի: Դա նաև Ֆրանսիայի ցանկությունն է, և մեր երկու կառավարություններն աշխատում են միասին, որպեսզի տնտեսական ոլորտում ներդնեն համագործակցության հավակնոտ ծրագիր ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում: Ինչպես գիտեք՝ Հայաստանում ներկա են շատ կարևոր ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ «Վեոլիա»-ն՝ ջրամատակարարման համակարգում, «Քարֆուրը»՝ սննդի ոլորտում, «Ամունդին»՝ կենսաթոշակային ֆոնդերի մասով և իհարկե «Պեռնո Ռիկարը»՝ «Արարատ» կոնյակով: Նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը, ներդրումները, համագործակցության ծրագրեր ունենալ՝ կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Օրինակ ջրի, թափոնների վերամշակումը ոլորտներ են, որտեղ Ֆրանսիան կարող է կիսվել իր փորձով: Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է առողջապահությունը: Այն էլ ավելի կարևոր է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տեմպերի արագացում ենք նկատում: Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնառություն է վերցրել Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու: Սակայն առողջապահության ոլորտում կան այլ ծրագրեր ևս, որոնց շուրջ ցանկանում ենք մեր համագործակցությունը խորացնել: Արդեն իսկ կա հիվանդանոցների միջև շատ ակտիվ համագործակցություն, խոսքը Ֆրանսիայի կողմից Փարիզի և Լիոնի հիվանդանոցների մասին է, որոնք համագործակցում են հայկական հիվանդանոցների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունն ավելի երկարաժամկետ դառնա: Եվ այդ առիթով կապի մեջ ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցությունն արտահայտվելու է մասնավորապես կրթական ծրագրերով՝ առողջապահության սպեցիֆիկ ոլորտներում, որի հայտը ստացել ենք մեր հայ ընկերների կողից: Կցանկանայի նշել ևս երկու ոլորտ, որոնք մեր երկկողմ համագործակցության շատ կարևոր ոլորտներ են: Կրթության ոլորտը, որը նաև ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտ է: Արդեն իսկ կան հաջողված ծրագրեր կրթության ոլորտում. Ֆրանսիական համալսարանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը և Ալիանս Ֆրանսեզը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ծրագրեր ունենալ հենց կրթության ոլորտում: Այս տարբեր ծրագրերով համագործակցելով մեր հայ գործընկերների հետ՝ ցանկանում ենք Հայաստանում նաև ֆրանսերենի տարածմանը նպաստել: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Իհարկե, շատ այլ ոլորտներ ևս կան, որոնցում մենք ցանկանում ենք և կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը: Սակայն հիմա կցանկանայի նշել ժառանգության ոլորտում համագործակցության մասին: Այս ոլորտում համագործակցությունը կարող է դրսևորվել երկու ձևով, մի կողմից՝ ժառանգության պահպանման մասնագետների կրթական ծրագրեր, թրեյնինգներ, երկրորդը՝ հայկական ժառանգության վերականգնում: Ահա այն գլխավոր ոլորտները, որոնցում ես կցանկանայի հայ-ֆրանսիական համագործակցությունն էլ ավելի ուժեղացնել:
-Տիկին դեսպան նշեցիք նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված՝ Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության մասին: Ո՞ր տեսակի պատվաստանյութերի մասին է խոսքը, դրանք ե՞րբ կուղարկվեն Հայաստան: 2021 թվականի օգոստոսին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:
— Խոսքը կամ «Մոդեռնա» կամ «Ֆայզեր» պատվաստանյութերի մասին է: Հենց մատակարարման ամսաթիվն իմանանք, դրա մասին բնականաբար կհայտնենք: Այդ շրջանակում 50 հազար այլ տեսակի պատվաստանյութ արդեն իսկ Ֆրանսիայից ուղարկվել է Հայաստան: Եվ արդեն երկրորդ առաքումը պատրաստման ընթացքի մեջ է: Դեռ հայտնի չէ, թե քանի դեղաչափ կլինի, բայց խոսքը բավականին մեծ քանակի մասին է:
-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, Դուք համանախագահող երկրի ներկայացուցիչն եք Հայաստանում: 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Լեռնային Ղարաբաղի պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց: Ֆրանսիան որպես համանախագահող երկիր ի՞նչ դերակատարում կարող է ունենալ այց հարցում՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել պահվող անձանց: Ըստ Ձեզ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն այս հարցում, ի՞նչ դերակատարում կարող են ունենալ:
-Իհարկե ծանոթ եմ այս ցավոտ իրավիճակին: Եվ բնականաբար Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և դեռ պահվող անձանց ազատ արձակում: Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով: Ուրախ ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն այս իրավիճակի կարգավորման հարցում: Նաև ուրախ ենք, որ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եվ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն՝ երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ:
-Տիկին դեսպան, Դուք ավելի վաղ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ, կարո՞ղ եք մանրամասներ հայտնել, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը:
-Երևի այդ ժամանակ շատ հստակ չէի ձևակերպել խոսքս: Խոսքը բնականաբար Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ջանքերի մասին էր, որպեսզի կողմերին ուղեկցեն կարգավորման գործընթացում:
-Սակայն ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ պատրաստվու՞մ է:
-Հղում կանեմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մինսկի խմբի դերը տևական կարգավորման գործում կողմերին ուղեկցելն է: Մինսկի խումբն ինքը որևէ փաստաթուղթ չի գրում, խոսքը կողմերին ուղեկցելու և աջակցելու մասին է, որպեսզի գտնվեն տարածաշրջանում իրավիճակի տևական կայունացման լուծումներ:
-Ադրբեջանը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է, ավարտված է, այնինչ, լուծման է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Այսպիսով Հայաստանը պնդում է, որ հարցը կարգավորված չէ: Ֆրանսիայի տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:
-Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ես Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը, համանախագահը չեմ: Եվ փաստորեն սրանք այն թեմաները չեն, որոնց հարցում ես ունեմ ուղիղ իրավասություն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ լիովին տեղյակ եմ և գիտակցում եմ այն, թե ինչ ազդեցություն ունի այս իրավիճակը Հայաստանի բնակչության վրա: Հույս ունեմ, որ այն դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվում են, շուտով կտան պտուղներ:
-Տիկին դեսպան, ինչպես նշեցիք, Դուք Մինսկի խմբի ներկայացուցիչը չեք և անմիջապես այս հարցով չեք զբաղվում, սակայն այս թեմայով վերջին հարցը կցանկանամ հնչեցնել: Մինչև օրս էլ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի այս գործելաոճը և ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Բնականաբար Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ բնականաբար սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ:
-Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել, առաջիկայում պլանավորվո՞ւմ է նախագահի այց Հայաստան, եթե այո, ապա, ե՞րբ:
-Հանրապետության նախագահը շատ ուրախ կլինի այցելել Հայաստան: Ինչպես նա մի քանի անգամ արդեն դա արտահայտել է, նա մեծ կապվածություն ունի Հայաստանի և հայերի հետ: Եվ նա ունի Հայաստան այցելելու ծրագիր, սակայն այս պահի դրությամբ ժամկետները հստակ չեն:
-Տիկին դեսպան, ի՞նչի մասին կցանկանայիք խոսել, որի վերաբերյալ ես գուցե հարց չեն հնչեցրել:
-Այն թեմայով, որի մասին ցանկանում էի խոսել, արդեն խոսեցինք: Դա երկարաժամկետում մեր համագործակցությունն է: 2022-ին կնշենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Եվ դա շատ լավ հարմար պահ կլինի, որ ավելի խորացնենք մեր հարաբերությունները և հասցնենք նոր մակարդակի: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասին:
Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի
Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի