Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ-ն 90 000-անոց զորք է տեղակայել երկու երկրների սահմանի մոտ

Ukraina

 Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում գտնվել է մոտ 90 հազար ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի  պաշտպանության նախարարության Օպերատիվ տեղեկատվական կենտրոնին։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և՛ Ղրիմի, և՛ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում։

Ուկրաինայի հետախուզական գործակալությունների տրամադրած փաստերն իրենց հաստատումն են գտնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման մեջ։

Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր օկուպացված տարածքներում կենտրոնացած է զորքերի (ուժերի) խմբավորում՝ մոտ 90 000 մարդ ընդհանուր թվով»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում մանրամասն նշվում է, որ  այդ ուժերը ներառում են Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների 8-րդ և 20-րդ բանակների զորքերը, ինչպես նաև Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ուժերը։ Բացի այդ, Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայված են օդուժի 4-րդ և 6-րդ բանակների առանձին կազմավորումներ և ստորաբաժանումներ և ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը։

Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված են և գործում են ռուսական օկուպացիոն ուժերի երկու բանակային կորպուսներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ 2021 թվականի երկրորդ կեսին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունը լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունների շարք է անցկացրել։

Դրանցում ներգրավված են Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերը, ինչպես նաև Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի առանձին ստորաբաժանումներն ու ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը։

Ձեզ կհետաքրքրի...