Բաքուն հայտարարում է, որ հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների 1700 դի
Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին է հանձնել Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 1700 դի։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ADA համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ։
«Ներկա դրությամբ գտնվել և հայկական կողմին են փոխանցվել շուրջ 1700 հայ զինծառայողների դիեր: Մենք մարմինների վերադարձն իրականացրել ենք իբրև հումանիտար ակցիա` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Բաքուն Երևանին առաջարկում է հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դուրս գալ տրանսպորտային փակուղուց և դառնալ զարգացող տարածաշրջանի մի հատված»,- ասել է նա:
Բայրամովը նշել է, թե ՀՀ կողմից «ականային քարտեզները թաքցնելն ու չտրամադրելը թույլ, անմիտ ու անմարդկային մոտեցում է»:
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա), Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։
24news.am