Կամավոր ատեստավորման բողոքարկման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների թիվը 13-ով ավելացել է

Atestavorum

  Առաջին անգամ անցկացված ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ուներ բաց կողմեր, որոնք պետք է շտկվեն՝ ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:  Կամավոր ատեստավորմանը մասնակցել են 7-12 դասարանների «Հայոց լեզու և գրականություն» «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա» և  «Աշխարհագրություն» առարկաներից: Ընդհանուր թվով՝  ատեստավորման դիմել էր 1372  ուսուցիչ, մասնակցել են 996-ը՝ դիմողների 72.6 տոկոսը:

Ատեստավորումը ուսուցիչներին աշխատավարձի 30-50 տոկոսի չափով հավելավճար ստանալու հնարավորություն է տալիս։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը  նշում է՝ ատեստավորման գնահատման շեմը փոփոխվել է, սկզբում նախատեսել էին բարձր միավորների դեպքում սահմանել հավելավճարները.

«Սկզբում նախատեսված էր, որ  80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը կստանա 30 տոկոս հավելավճար, 90-ից ավելի տոկոսի դեպքում՝ 50 տոկոս հավելավճար: Հետո սանդղակը փոփոխվեց՝ 70-79 տոկոսի դեպքում  կտրվի 30 տոկոս  հավելավճար, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կստանան  40 տոկոս հավելավճար, իսկ  90 և ավելի տոկոսի դեպքում՝ 50 տոկոս հավելավճար: 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը կստանա 30 տոկոս հավելավճար, 90-ից ավելի տոկոսի դեպքում` 50 տոկոս հավելավճար:  Սանդղակը փոփոխվեց. 70-79 տոկոսի դեպքում կստանան 30 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոս հավելավճար, 90 և ավելի՝ 50 տոկոս հավելավճար»:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական փուլն առանց բողոքարկումների  չի անցել: Բողոքարկել են հիմնականում քիմիայի ուսուցիչները: Նրանց կարծիքով՝ թեստերը սխալ են կազմված եղել:  Ուսուցիչները դիմել են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներին, որոնք թեստերը վերանայել են և եզրակացրել, որ 70 թեստից 27–ը սխալ է:  ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դասախոսներնը հարցը քննարկել են թեստաբանի ու հանձնաժողովի անդամների հետ, եզրակացությունն ուղարկել թեստ կազմողներին: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշում է, որ բողոքարկվել է  թեստի 3-րդ տարբերակը, պարզպաես մյուս տարբերակները գրած ուսուցիչները միացել են 3-րդ տարբերակը գրած ուսուցիչների.

«Երևանի պետական համալսարանը քննարկել էր թեստի 3-րդ տարբերակը. 15 հոգի գրել են 1-ին թեստը, բողոքարկել են 3-րդ տարբերակը, 14 հոգի գրել են 2-րդ տարբերակը, բողոքարկել՝ 3-րդ տարբերակը, նորից 15 հոգի գրել են 4-րդ տարբերակը, բայց բողոքարկել են 3-րդ տարբերակը: 3 ուսուցիչ չի մասնակցել գրավոր աշխատանքին, բայց բողոքարկել է»:

Բողոքարկման արդյունքում փոխվել է 13 ուսուցչի գնահատական, նրանք հավելավճար կստանան: Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի  քիմիայի ուսուցչուհի Կարինե Գևորգյանը ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ  էր ստացել և հաղթահարել  70 տոկոսի շեմը, բողոքարկումից հետո  միավորն ավելացել է 5 տոկոսով: Նա համոզված է, որ քիմիայի թեստերը սխալ են կազմվել

«Ես սկզբից 70 տոկոս էի ստացել, հիմա` 75.7 տոկոս, ուղղակի իրենք շատ-շատ սխալներ ունեն այդտեղ: Էլի  կան չուղղած սխալներ, որ չեն ուղղում: Ոչ մի գիտելիք էլ այդ թեստերով չէր ստուգվում: Թեստերը սխալներ և անկատար բաներ շատ ունեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ ատեստավորմամբ իրենք փորձել են ճշտել ուսուցիչների առարկայական գիտելիքները և ոչ թե նրանց մանկավարժական հմտությունները: Նպատակը դպրոցներում բարձրակարգ ուսուցիչների համալրումն  է: Բացի ատեստավորումից՝  ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը նպաստելու է տարակարգերի շնորհումը: Գործընթացը հիմա մշակման փուլում է, փոփոխություններ են նախատեսվում Հանրակրթության մասին օրենքում։ Հաջորդ տարի նախատեսվում է կամավոր ատեստավորման գործընթաց՝ 5-12–րդ դասարանների  բոլոր առարկանների ուսուցիչների համար, ակնկալվում է 6000 ուսուցչի մասնակցություն: Այս ատեստավորմամբ 0-59 տոկոսի շեմը չի հաղթահարել 346 ուսուցիչ: Այս փուլում նրանք կշարունակեն վարձատրվել՝ ինչպես մինչև ատեստավորումը։

Ձեզ կհետաքրքրի...