Լիբանանը կրկին հայտնվել է անելանելի վիճակում. ավելի քան 50 տոկոսը հատել է աղքատության սահմանը

Libanan

  2020 թ. օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունների պատճառով վարչապետ Դիաբը հրաժարական տվեց, եւ երկրում տիրող տնտեսական ճգնաժամն էլ ավելի խորացավ: 2019 թ. համեմատությամբ լիբանանյան լիրան 90 տոկոսով արժեզրկվեց, սղաճը կազմեց 120 տոկոս։ Անդունդի եզրին հայտնվեց Միջին Արեւելքի երբեմնի ծաղկուն ու, թերեւս, ամենազարգացած երկիրը, իրավիճակը դարձավ խիստ սպառնալից, տնտեսությունը հայտնվեց ազատ անկման վիճակում։ Ըստ որոշ աղբյուրների՝ բնակչության ավելի քան 50 տոկոսը հատել է աղքատության սահմանը։ Նման իրավիճակում նոր կառավարության ձեւավորումը հավելյալ բարդություններ էր ստեղծում. նախագահ Միշել Աունի առաջարկած վարչապետներ Մոստաֆա Ադիբիին ու նախկին վարչապետ Սաադ Հարիրիին չհաջողվեց կառավարվություն ձեւավորել։ Ի վերջո, 2021 թ. հուլիսի 26-ին Լիբանանի խորհրդարանը 73 ձայնով հաստատեց 3-րդ՝ հայտնի միլիարդատեր Նաջիբ Միկաթիի թեկնածությունը, ով նախկինում՝ 2005 եւ 2011 թթ., կարճ ժամանակահատվածներում զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը։ Նրան հաջողվեց 2021 թ. սեպտեմբերին ներկայացնել 24 անդամ ունեցող կառավարության կազմը` հայտարարելով, թե իր գլխավորած կառավարությունը նպատակամղված է, Ֆրանսիայի առաջարկած նախագիծն իրականացնելով, երկիրը փրկել կործանումից։ Ներքին ճգնաժամը հաղթահարելու գործին լծված կառավարությունը, որի առջեւ ծառացած են բազում խնդիրներ, այժմ էլ հայտնվել է Պարսից ծոցի արաբական  երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի ու Քուվեյթի հետ փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամի առջեւ, ինչն առնվազն տնտեսական լուրջ հարված կլինի Լիբանանին, եթե շուտափույթ չվերացվի, քանի որ Բեյրութը տնտեսական ամենամեծ աջակցությունն ստանում է հենց այդ երկրներից։ Դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Կարդահին, ով նախքան այդ պաշտոնին նշանակվելը հայտնի լրագրող ու հաղորդավար էր, «Ալ ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պաշտպանելով Եմենի հուսիներին, խիստ քննադատել էր Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին` նշելով, թե վերջիններս ոտնձգություն են կատարել Եմենի դեմ։ Կարդահիի հարցազրույցի հրապարակումը խիստ զայրացրել է Էր Ռիյադին, որը Բեյրութից հետ է կանչել իր դեսպանին եւ երկրից վտարել Լիբանանի դեսպանին։ Այնուհետեւ նման քայլի են դիմել նաեւ ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Քուվեյթը, ինչպես դա տեղի ունեցավ 2017 թ. Կատարի դեպքում։ Թեեւ Լիբանանի դեմ տնտեսական պատժամիջոցները շատ ավելի մեղմ են, սակայն, հաշվի առնելով այդ երկրի տնտեսական խոր ճգնաժամը, նման քայլը շատ լուրջ հետեւանքներ է ունենալու, եթե դառնա տեւական։ Մանավանդ որ, Համաշխարհային բանկի տվյալներով, Լիբանանը հայտնվել է ֆինանսատնտեսական փլուզման եզրին, ինչը գնահատվել է որպես արդի պատմության մեջ ամենախոր տնտեսական անկում։  Հավելենք, որ Էր Ռիյադը շեշտել է, թե ընդունված որոշումները պայմանավորված չեն միայն Կարդահիի խոսքերով, այլ իրենց բողոքի արմատները Լիբանանի քաղաքական ոլորտում «Հըզբոլահի» օր օրի աճող դերակատարության մեջ են։  Այլ կերպ ասած՝ «շան գլուխը» հենց այդտեղ է թաղված, քանի որ իրանամետ «Հըզբոլահը», որը ներկայացված է ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում, անժխտելի դեր ունի այդ երկրում, սակայն Եմենում հովանավորում է հուսիներին, որոնց դեմ պատերազմում են Պարսից ծոցի ավազանի երկրները։ Բացի այդ, վերջիններս ակնհայտ քայլեր են անում Իրանի ազդեցությունն արաբական աշխարհում եւ մասնավորապես Լիբանանում ու Իրաքում նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Թեեւ վարչապետ Միկաթին հայտնել է, թե տեղեկատվության նախարարը նման տեսակետ է հայտնել նախքան այդ պաշտոնն ստանձնելը, եւ որ դա բնավ կառավարության տեսակետը չէ, անգամ ակնարկել է նախարարի հրաժարականի մասին, սակայն արձագանք չի գտել Էր Ռիյադում։ Նախագահ Աունը եւս շեշտել է, թե Լիբանանը ձգտում է Էր Ռիյադի հետ ունենալ ամենասերտ փոխհարաբերությունները` ընդգծելով, որ չպետք է ոմանց տեսակետները բացասական ազդեցություն ունենան դրանց վրա։ Նոյեմբերի 2-ին խնդրին անդրադարձել է նաեւ ՆԳ նախարար Աբդուլահ բու Հաբիբը՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի ճնշումը Լիբանանում «Հըզբոլահի» դերը նվազեցնելու հարցում այդ երկրին պարտադրում է խիստ դժվարին պայմաններ։ Նա հավելել է, թե Բեյրութը չի կարող «Հըզբոլահի» գլուխը սկուտեղի վրա մատուցել Էր Ռիյադին։  Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարը հայտարարել է, թե Բեյրութը ցանկանում է լավագույն փոխհարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ` նշելով, որ եղբայրական երկրներն առաջացած տարաձայնությունները պետք է լուծեն բանակցություններով եւ ոչ թե տեսակետներ պարտադրելով։ Միաժամանակ նա հավելել է, որ «Հըզբոլահը» Լիբանանի քաղաքական դաշտում կարեւոր գործոն է, բայց գերիշխանություն չունի։ Սա՝ այն դեպքում, երբ նախօրեին Էր Ռիյադը շեշտել էր, թե, քանի դեռ Լիբանանը «Հըզբոլահի» գերիշխանության տակ է, երկխոսություն ու փոխըմբռնում չի լինելու։ Ավելին՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հստակ հայտնել է, թե Լիբանանի հետ Էր Ռիյադի խնդիրը պայմանավորված չէ լոկ Եմենին վերաբերող ինչ-որ նախարարի պարզունակ տեսակետներով, այլ ավելի խոր արմատներ ունի։ Այլ խոսքով՝ Սաուդյան Արաբիան ծանրագույն վիճակում հայտնված Լիբանանի վրա, որը խիստ կարիք ունի արաբական աշխարհի տնտեսական աջակցությանը, լուրջ ճնշումներ է գործադրում «Հըզբոլահին» քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով, ինչը, թերեւս, անհնարին է։ Բայց եւ այնպես նոյեմբերի 4-ին Աունն ու Միկաթին հայտարարել են, թե համատեղ ջանքերով առաջացած խնդիրները կարգավորելու համար ճանապարհային քարտեզ են մշակել, սակայն սա եւս որեւէ արձագանք չի գտել, ինչը նշանակում է, թե ճնշումները Լիբանանի դեմ շարունակվելու են։

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...