«Մոսադի» նախկին պաշտոնյայի բացահայտումը

Zoravarjutyunner

 Թուրքիայում ու Ադրբեջանում առանձին-առանձին, ինչպես նաեւ համատեղ իրականացվող զորավարժությունները վերջին մեկ տարում անընդհատ հաջորդում են մեկը մյուսին, եւ տպավորություն է ստեղծվում, թե այդ երկրներն այդպես էլ դուրս չեն եկել արցախյան 44-օրյա պատերազմից: Այս օրերին էլ հերթական ծովային զորավարժություններն են անցկացվում Միջերկրական ծովում: Այն պատասխանն էր շաբաթներ առաջ Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի միջեւ համաձայնագրի ստորագրմանը, որով վերջիններս պարտավորվել են համագործակցել Միջերկրական ծովում` թուրքական ծովային սահմանների մոտակայքում: Կազմակերպած հերթական ծովային զորավարժություններին մասնակցում են շուրջ 35 նավ եւ 5000 զինծառայող, ռազմածովային պարեկային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ծովային-հետեւակային ստորաբաժանումներ, ստորջրյա հարձակման եւ ռազմածովային ուժերի ստորջրյա պաշտպանության օպերատիվ խմբեր, գրոհային եւ ցամաքային ուժերի ընդհանուր նշանակության ուղղաթիռներ: Ինչպես եւ սպասվում էր, ռազմական միջոցառմանը մասնակցում են նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերը՝ առայժմ մեկ նավով եւ դրա անձնակազմով: Թուրքիան ծովային զորավարժություններին ներգրավել է նաեւ F-16 ինքնաթիռներ: Խոսուն է նաեւ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված երկրների ցանկը: Դրանում աֆրիկյան եւ ասիական 8 երկրի թվում նաեւ Պակիստանն ու Ուկրաինան են: Թուրքիան արդեն չի էլ թաքցնում իր հակառուսական կեցվածքը եւ ռուսամետ Դոնբասի դեմ Ուկրաինայի ռազմատենչ հայտարարությունների, գործողությունների հրահրողներից ու հովանավորողներից է: Չի բացառվում, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնի նաեւ Ուկրաինան, այն դեպքում, երբ այդ երկրների ռազմածովային ուժերը համագործակցության հարուստ փորձ ունեն Սեւ ծովում՝ նաեւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններն արդեն օրինաչափություն են դարձել: Այս անգամ Թուրքիան վարժեցնում է Ադրբեջանի ռազմածովային ուժերը, որոնք տեղակայված են միայն Կասպից ծովում: Այստեղ Թուրքիան Ադրբեջանի հետ ցանկանում է հակակշռել Իրանին եւ Ռուսաստանին: Պարզվում է, որ Կասպից ծովում Ադրբեջանի ռազմական ներկայությունն ավելացնելու նպատակ հետապնդող աջակցություն է ցուցաբերում նաեւ Իսրայելը: «Մոսադի» նախկին բարձրաստիճան աշխատակից եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը «Jerusalem Post»-ին տված հարցազրույցում գաղտնազերծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների համար 146 վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, այդ թվում նաեւ` մի քանի ամենամյա գաղտնի համատեղ զորավարժություններ Կասպից ծովում: Ուզի Արադը փաստացի հայտարարում է, որ նաեւ Իսրայելն է Ադրբեջանի բանակը նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած աննախադեպ ռազմական ագրեսիային: Նրա խոսքերով՝ վերջին 24 տարվա ընթացքում ավելի քան 50 իսրայելցի բարձրաստիճան զինվորականներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել ու կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը։ Ըստ նրա՝ «Մոսադի» սպաների՝ ԿՀՎ-ի եւ ՀԴԲ-ի գործակալների հետ միասին տեղակայումն Ադրբեջանի անվտանգության ծառայության շենքի նույն հարկում նախադեպը չունի որեւէ այլ երկրում։ Վերեւում նախանշված միտումները փաստում են, որ Ադրբեջանն անվտանգային բոլոր բաղադրիչներով վաղուց արդեն դուրս է ՌԴ ազդեցության ոլորտից, միակ ուղղությունը սպառազինությունն է, որն էլ 44-օրյա պատերազմից հետո էականորեն կրճատվել է՝ ոչ միայն Իսրայելից եւ Թուրքիայից, այլեւ Պակիստանից ռազմամթերքի գնման ֆոնին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանում նախկինում եղած եւ արցախյան պատերազմից հետո կտրուկ մեծացած արտաքին նախապատվությունների վեկտորների փոփոխությունը տարածաշրջանում լուրջ գնահատման տեղիք պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, իսկ Իրանն այդ միտումը վաղուց է արձանագրել եւ դիտարկել իր անվտանգային հայեցակարգում:

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...