Ադրբեջանցին իրենց վերահսկողության հատվածից անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք, կրակ բացել. հարուցվել է քրգործ. ԱՀ ՔԿ

AH qk

 Երեկ Արցախում աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացած ադրբեջանցի ինծառայողը, պարզվում է, իրենց վերահսկողության հատվածից անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք, այնտեղից կրակ բացել:

 Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ: Ինչպես երևում է լուսանկարներից, ադրբեջանցին հեռանալիս  տարածքում թողել է իրեն պատկանող դանակը:

Հաղորդագրության մեջ նշվում է.

2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է եղել:

Ձեզ կհետաքրքրի...