Եթե Արցախում բազմազգ ուժեր տեղակայված լինեին, Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ քայլերին չէր գնա. չի կարելի մի երկրին այդքան հավատարիմ լինել. Արտակ Զեյնալյան civic am

Zaynalyan

  44-օրյա արցախյան պատերազմից հետո մեկ տարի է անցել, բայց Ադրբեջանը շարունակում է անտեսել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, այդ թվում՝ վերադարձնել հայ գերիներն: Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ զերծ չի մնացել Արցախում ռազմական հանցագործություններից:  Արցախի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ վերջին մեկ տարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն: Այդ հանցագործությունների թվում են նաև քաղաքացիական անձանց և զինվորականների սպանություններն ու հրազենային վիրավորումները, որոնց համար Ադրբեջանում դեռևս որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: 

Վերջին մեկ ամսում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից երկու քաղաքացիական անձ սպանվեց Արցախում՝ մեկն այգում աշխատելիս, մյուսն էլ ջրագծերի վերանորոգում իրականացնելիս: Երկու քաղաքացիներն էլ աշխատանքներն իրականացնում էին ռուս խաղաղապահների գիտությամբ: Երկու սպանություններն էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է: 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Շուշիի շրջանի հայկական կողմում «Ջրմուղ կոյուղու» աշխատակցի սպանությանը:

Civic.am-ը Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականությունը կանխելու նպատակով հայկական կողմի քայլերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ:

— Պարոն Զեյնալյան, մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինծառայողի դիտավորյալ կրակոցից Արցախում քաղաքացի է զոհվում:  Պետք է շարունակե՞նք ապավինել ռուս խաղաղապահներին: Ի՞նչ ճանապարհով պետք է լուծենք այդ հարցը: Մենք տեսնում ենք, որ ՄԻԵԴ վճիռներին Ադրբեջանը դեռևս ուշադրություն չի դարձնում, իսկ իր հանցագործներին խրախուսում է, օրինակ՝ մարդասպան Սաֆարովին հերոսացնելը:  

— Բնականաբար պետք է գնանք իրավական և քաղաքական ճանապարհներով: Այդ դեպքերը տեղի չէին ունենա, եթե բազմազգ ուժեր տեղակայված լինեին, եթե Հայաստանը լինի բավարար ուժեղ: Դա իր մեջ ներառում է նաև միջազգային ասպարեզում հետաքրքրություն ներկայացնելը: Հանցագործություններ են կատարվել՝ ուղղված մարդկանց դեմ, և Ադրբեջանը պարտավոր է դրանք հետաքննել: Բոլոր դատական ակտերում, որոնք Եվրոպական դատարանը վերջին մեկ տարվա մեջ կայացրել է ընդդեմ Ադրբեջանի, ասվել է, որ Ադրբեջանը պետք է պատշաճ քննություն իրականացնի և վերականգնի մարդկանց խախտված իրավունքերը: Իսկ վերականգնելն իր մեջ ներառում է բացահայտել մեղավորներին, ենթարկել պատասխանատվության: Իհարկե, դրանք երկարատև պրոցեսներ են, և ավտոնոմ չեն գործում այդ պրոցեսները: Դրանք պետք է համակցված լինեն բոլոր գործիքներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական. բոլոր ոլորտներում պետք է համակցված, փոխհամաձայնեցված աշխատանք կատարվի:

— Դուք նշեցիք, որ պետք է գնանք նաև քաղաքական ճանապարհով. ի՞նչ նկատի ունեք:

— Եվրոպական դատարանի վճռի կատարումը առանձին վարույթ է, պրոցես է, որտեղ ևս ներգրավված է լինելու և արտաքին գործերի նախարարությունը՝  նախարարը որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ, և քաղաքացիական հասարակությունը, որը պետք է աշխատի մյուս երկրների հետ՝ այդ երկրների արտաքին գործերի նախարարների միջոցով ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները, և այլն: 
Հայաստանը պետք է լինի տնտեսապես հրապուրիչ, որպեսզի մյուս երկրները փորձեն հաճոյանալ, սիրաշահել Հայաստանին, չնեղացնեն և թույլ չտան, որպեսզի ուրիշները նեղացնեն իրենց գործընկերոջը:

— Դուք կարծում եք, որ տարածաշրջանային ապաշրջափակումը  Հայաստանը կդարձնի՞ տնտեսապես հրապուրիչ: 

— Դա գործոններից մեկն է: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական ակտ է, որն արգելված է միջազգային իրավունքի նորմերով: Այն, որ Հայաստանին Թուրքիան չի տրամադրել ելք դեպի Սև ծով, դա ևս խախտում է, պատերազմական ակտ է Հայաստանի դեմ, և այդ ակտը պետք է վերացվի: Իսկ դրա համար պետք է ապաշրջափակվի Հայաստանը: Տնտեսապես հրապուրիչ լինելը պայմանավորված չէ միայն ճանապարհների բացումով. հարկավոր է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին, տնտեսական հետաքրքրությունները, ոչ թե միայն շփվել հյուսիսի հետ՝ ամեն ինչ հյուսիսին: Արտաքին քաղաքական
հարաբերություններում չի կարելի այդ աստիճանի հավատարիմ լինել, որովհետև դա վնասակար է, անվտանգությանը սպառնալիք է:  

— Հյուսիսին հավատարիմ ասելով նկատի ունե՞ք Ռուսաստանին:

— Հյուսիսին: Մի երկրին չի կարելի այդքան նվիրված լինել, որն էլ օրինակ, ենթադրենք, հնարավորություն ունենա 5մլրդ դոլարով «վաճառել» Ղարաբաղի պատերազմը, փողը վերցնել ու «ձայն չհանել», որ հարձակվելու են ու գրավեն Ղարաբաղը: Չի կարելի մի երկրի տալ այդ հնարավորությունը, քանզի ինչ-որ կոռուպցիոներներ կարող են, հնարավորություն կունենան իրականացնել նման գործարք: Մեր տնտեսական հարաբերությունները բազմազան պետք է լինեն՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Արտաքին հարաբերություններում բազմազանությունն է հրապուրիչ դարձնում, հավասարակշռում:

— Այսինքն՝ միայն իրավական ճանապարհով մենք չունենք շանսեր հասնելու նրան, որ Ադրբեջանը պատժվի, կամ Ադրբեջանին ստիպեն պատժել հանցագործություն կատարածներին:

— Ունենք, սակայն դրան պետք է աջակցեն մյուս ոլորտները: 

Նարա Մարտիրոսյան

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...