Հայաստանը տեղեկացրել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին
Հայաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ մասին այսօր TACC-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ մենք ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների։ Երբ գործընթացն առաջ ընթանա, մենք, իհարկե, հանրությանը կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա։
Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան»,- հավելել է նա։
Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների սկզբունքների մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերի կողմից չվավերացվեցին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ժամանակ։ Երևանն ու բազմաթիվ կառույցներ նաև պնդում են, որ Անկարան Մերձավոր Արեւելքից զինյալներ է ուղարկում տարածաշրջան։