Վերջերս հայկական կողմին վերադարձրած Ցորի զորամասի 11 զինծառայողների մասունքներից երևում է, որ Ադրբեջանը նրանց հողի մեջ է պահել. զոհված զինվորի հայր

Zinvori hayr

  Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ նոյեմբերի 2-ին, Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց պատերազմի զոհերի ևս 11 աճյուն։ Մինչ այս տարվա նոյեմբերը այդ 11 զինծառայողները, որոնք նախորդ տարի հոկտեմբերի 12-ին զոհվել էին Վարանդայի (Ֆիզուլի) մոտակայքում, համարվում էին անհետ կորած։

Civic.am-ի հետ զրույցում Արմեն Ասրյանը, ում որդին ևս այդ հատվածում է զոհվել (որդու մարմինն ավելի վաղ է հայտնաբերվել), նշեց, որ տղաները ծառայում էին Ցորի զորամասում, իսկ մարտական խնդիրը կատարում էին Վարանդայի (Ֆիզուլի) Ջուվառլու կոչվող բնակավայրում։ 

Ըստ Արմեն Ասրյանի՝ հայկական կողմին փոխանցված 11 աճյունները 21-հոգանոց խմբից վերջին անհետ կորած համարվողներն էին. «Այդ 21-հոգանոց խմբից բոլորի մարմինները գտնվել են, բացի նրանց հրետանու պետից, ով հաջորդ օրը դեռ ողջ է եղել, բայց նրանից մինչ օրս տեղեկություն չկա»:

Զոհված զինծառայողի հայրը հիշատակեց, որ 21-հոգանոց խմբում ոչ բոլորն էին ժամկետային զինծառայողներ, կային նաև 5 պահեստազորայիններ։ 

Արմեն Ասրյանը հիշատակեց, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական մեծ խումբը ներխուժել է Վարանդայի (Ֆիզուլի) մոտակայք՝ տղաները նկատել են շարժվող խումբը, սակայն հրամանատարական կետից հայ զինծառայողներին ասել են՝ մերոնք են, մի կրակեք, և վերահսկողությունը թուլացրել են այդ խմբի նկատմամբ. «Բայց պարզվել է՝ մերոնք չեն։ Հրամանատարության սխալ տեղեկատվության պատճառով այդ տղաները հայտնվել են դիվերսիոն հետախուզական խմբի նշանառության ներքո»։   

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ 21-հոգանոց խմբից, որոնք անհետ կորած էին համարվում, դեկտեմբեր ամսին որոնողական աշխատանքների արդյունքում գտել են 5 հոգու մարմին, այնուհետև՝ 2 մարմին, հետո էլ՝ 1 մարմին, ևս մեկի մասունքներն էլ կան, բայց ծնողը չի ընդունում դեռ, իսկ 11 հոգու մարմիններն էլ վերջերս փոխանցեց Ադրբեջանը։  

Հարցին՝ կասկած չկա՞, որ այդ 11 զինծառայողները գերության մեջ են մահացել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը մեկ տարի հետո է փոխանցել մարմինները, Արմեն Ասրյանն արձագանքեց. «Չկա նման կասկած, որովհետև ոսկորներից երևում է, որ հուղարկավորված են եղել, նաև փաստեր կան, որ զոհվել են, կան տեսագրություններ։ Ադրբեջանցիները հավաքել են մարմինները այդ տեղանքից, տարել են այլ տեղ՝ հողի մեջ պահել, հիմա նոր հանել են հողից ու տվել հայկական կողմին։ Սա առաջին դեպքը չի, նման դեպքեր շատ ենք ունեցել, բնական է, որ և համաճարակային խնդիր են լուծել դրանով, և «առևտրի»՝ նոր պահանջներ ներկայացնելու համար»։

Նշենք, որ այս դեպքի հանգամանքները պարզելու համար հարուցված քրեական գործով կա մեկ կալանավոր. մեղադրանք է առաջադրված մայոր, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանին՝ անգործություն դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Սակայն զոհվածների հարազատները մեղադրում են ոչ միայն մայոր Գևորգ Գևորգյանին, որը, իրենց խոսքով, վերջին պահին մի քանի զինծառայողի նստեցրել է իր ավտոմեքենան ու հեռացել, նաև «Կարող է մերոնք են՝ չկրակեք» հրամանը տված Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։ 

Նարա Մարտիրոսյան

Ձեզ կհետաքրքրի...