Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:
Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ներկայացրել է համագործակցության առաջնահերթ մի քանի ոլորտ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին: