Ամերիկյան նոր հայացք՝ ուղղված արաբա-հրեական ջերմացմանը

Jermacum

  ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմն ակտիվացրել է ջանքերը, որպեսզի ընդլայնի «Ավրաամյան համաձայնագրի»՝ արաբա-իսրայելյան կարգավորման մասին պայմանավորվածությունների մասնակիցների շրջանակը: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա խոսքերով՝ Սպիտակ տունն այժմ ավելի լուրջ է վերաբերվում այդ հարցին, քան Բայդենի նախագահության առաջին ամիսներին, նույնիսկ չնայած Դեմոկրատական կուսակցության ներսում բեւեռացվածությանը։ Այդուհանդերձ, որոշ երկրներ շարունակում են դժվարություններ ունենալ հրեական պետության հետ պոտենցիալ մերձեցման գործընթացում։ Հավանաբար, նրանց հետ հարաբերություններում ջերմացումը կշարունակվի ոչ հրապարակային ճանապարհով: Էրդանի հայտարարությունը հնչել է «Իսրայել հա-յոմին» տված հարցազրույցում: «Ավրաամյան համաձայնագիրը» քաղաքականության գերազանց օրինակ է, որը վարչակազմը ստացել է նախորդ թիմից, չնայած ԱՄՆ-ի ներսում քաղաքական բեւեռացվածությանը»,- հայտարարել է դիվանագետը: Նրա խոսքերով՝ Սպիտակ տունը կասկածներ է ունեցել՝ կապված իսրայելցիներին աջակցելու նպատակահարմարության հետ եւ նույնիսկ քննադատության կրակի տակ է եղել Դեմոկրատական կուսակցությունում պայմանականորեն առաջադեմ ուժերի կողմից, սակայն, ի վերջո, կարողացել է հաղթահարել դժվարությունները: «Ժամանակին զուգընթաց Բայդենի թիմի ներկայացուցիչներն ակտիվացրեցին ջանքերը՝ ավելի շատ երկրների ներգրավելու եւ Իսրայելի հետ կապեր չունեցող մահմեդական կարեւոր երկրների վրա ազդեցությունն ավելացնելու համար»,- նշել է Էրդանը: Մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմում այժմ ամենաբարձր մակարդակով քննարկվում է «Ավրաամյան համաձայնությունների» մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցը։ «Հուսով եմ, որ մի քանի ամսից մենք արդյունքներ կտեսնենք. դրա հնարավորությունը կա,- ասել է դիվանագետը։-Վարչակազմը հիմա դրանով շատ ավելի լուրջ է զբաղվում, քան նախագահական ժամկետի ամենասկզբում»։ Վաշինգտոնի հետ կապերը պահպանելու ճանապարհին դժվարություններից մեկը Էրդանը համարել է այն, որ Պաղեստինի շահերի ամերիկացի պաշտպաններն իրենց ուժերը միավորել են «BlackLivesMatter» շարժման հետ։ «Կարծես թե աֆրոամերիկյան եւ պաղեստինյան փորձը նույն պատմությունն է: Նրանք ընդհանուր ոչինչ չունեն»,- կարծում է դիվանագետը: Էրդանի կանխատեսումները նոր մահմեդական երկրների՝ հրեական պետության հետ մերձենալու պատրաստակամության մասին համընկնում են Իսրայելի մյուս պաշտոնյաների գնահատականների հետ, որոնք արվել են վերջին շաբաթվա ընթացքում։ Այսպես՝ տարածաշրջանային համագործակցության նախարար Իսաույ Ֆրեյը հաստատել է, որ «տարածաշրջանի մի քանի պետություններ սպասում են համաձայնագրերի ստորագրմանը»։ Իսկ ներքին գործերի նախարար Այելեթ Շաքեդը նշել է, որ «Ավրաամյան համաձայնագրի» ընդլայնումը մեծ ներուժ ունի։ Ի դեպ, նա կարծում է, որ շատ բան կախված է Բայդենի վարչակազմի ազդեցությունից։ «Ի վերջո, այս երկրները խաղաղության են ձգտում ոչ միայն այն պատճառով, որ շահագրգռված են խաղաղության հաստատման մեջ, այլ նաեւ այն պատճառով, որ ունեն իրենց շահերը»,- ասել է Շաքեդը: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարում հարաբերությունների նորմալացման մի շարք գործարքներ են սկսվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը եւ Մարոկկոն պաշտոնապես միացել են «Ավրաամյան համաձայնագրին»։ Իսրայելի նոր գործընկերների շարքին միանալու իրենց մտադրության մասին հայտարարել են Սուդանի պաշտոնական դեմքերը, սակայն գործընթացը կանգ է առել երկրի անցումային ղեկավարության ներսում հակասությունների պատճառով, իշխանություն, որը ձեւավորվել է նախագահ Օմար Բաշիրի պաշտոնանկությունից հետո: Տարանցիկ կառույցներից մի քանիսը չցանկացան արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու մեխանիզմը հանձնել բանակային խմբավորմանը, որը փորձում էր կառավարումից հեռացնել քաղաքացիական քաղաքական գործիչներին։ Իսրայելը ռազմական կապեր է զարգացնում նոր գործընկերների հետ։ Հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցն իր առաջին պաշտոնական այցը Մարոկկո է կատարել, նոյեմբերի 24-25-ը։ Ռաբաթում կողմերը ստորագրել են պաշտպանական ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են փորձի փոխանակումը, տեխնոլոգիաների փոխանցումը, վերապատրաստումը եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը։ Սա հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ կնքված առաջին նման փաստաթուղթն է։ Գանցը զրուցել է ազգային պաշտպանության գծով կառավարության ղեկավարի պատվիրակ Աբդելլաթիֆ Լուդիյիի, զինված ուժերի գլխավոր տեսուչ Բելքիր ալ-Ֆարուքի եւ արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Նրանք քննարկել են «երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»։ Եբրայերեն հրատարակությունները հաճախ Օմանը նշում են «Ավրաամյան համաձայնագրին» միանալու թեկնածուների թվում։ 2018 թ. Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր առաջին այցը կատարեց սուլթանություն։ Օմանի պաշտոնյաներն աջակցություն են հայտնել արաբա-հրեական ջերմացմանը: Բացի այդ, «Times of Israel»-ի ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները նշել են, որ մահմեդական երկրների շարքում, որոնք պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, հայտնվել են նաեւ Ինդոնեզիան եւ Մավրիտանիան։ Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմն այս պետությունները դիտարկում էր որպես «Ավրաամյան համաձայնագրի» հեռանկարային ուղղություն։ Առանձին նշվում է Սաուդյան Արաբիան, որը երկար ժամանակ գաղտնի համագործակցում է իսրայելցիների հետ անվտանգության ոլորտում։ Վերջերս այս հարցին նվիրված հրապարակման մեջ ամերիկյան հետախուզական համայնքին մոտ գտնվող «Stratfor» վերլուծական կենտրոնը նշել է, որ այսօրվա դրությամբ թագավորության եւ հրեական պետության միջեւ հարաբերությունների մոտալուտ կարգավորման նշանները շատ քիչ են: Հարցը պահանջում է թագավոր Սալմանի հավանությունը, որի տեսակետը խնդրի վերաբերյալ տարբերվում է սաուդցի երիտասարդ քաղաքական գործիչների տեսակետներից: «Սաուդյան Արաբիան կշարունակի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, սակայն օգտագործելով նորմալացման թաքնված ճանապարհը, որն Էմիրությունները սահմանել է որպես կողմնորոշիչ»,- կանխատեսում է «Stratfor»-ը: Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ն մահմեդական երկրների հետ իր աշխատանքների կարգավորումը տեսնում է Իսրայելի, այլ ոչ թե Թուրքիայի միջոցով: Առաջիկա իրադարձությունները, անշուշտ, ցույց կտան, թե որքանով է Վաշինգտոնը ձգտում իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ նվազեցնել Անկարայի դերը եւ, ընդհակառակը, բարձրացնել Թել Ավիվի հնարավորությունները, եւ արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ արեւմտյան ուժերը ցանկանում են քանդել Թուրքիան, այդ փաստի անուղղակի հաստատումը չէ՞: Հնարավոր է, որ դա վկայում է նաեւ Էրդողանի մի տեսակ խուճապային դրության մասին: Պատճառը հասկանալի է՝ տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն վնասում են Թուրքիային, այլեւ նվազեցնում են նրա հեղինակությունը, իսկ երկիրը պատրաստվում է նոր ընտրությունների…

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...