Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

Qartez

  Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ երկրի նախագահ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շարունակում է արձագանք ստանալ ռուսական կողմում։ Չնայած թուրքական կողմի վստահեցումներին, թե Ռուսաստանի տարածքի զգալի մասն ընդգրկող քարտեզը չի բախվում այդ երկրի շահերին, ասվածը դեռ քննարկումների առիթ է դառնում։ Հարցին արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ համաձայն իր «ցեղակիցների» բնակության տարածքի, եւ այդ գույները կզբաղեցնեն գրեթե ամբողջ քարտեզը։ Երեկ Դաշնային խորհրդում ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ «ոչ մի ամոթալի բան չկա` կապ պահպանելու ցեղակիցների հետ»՝ հիշեցնելով, որ իրենք նույնպես տարածքներ ունեն, որտեղ ապրում են իրենց հայրենակիցներն ու ցեղակիցները, ինչն էլ թույլ կտա ներկել աշխարհի քարտեզն ըստ այդ իրողությունների։ Նա պարզաբանել է, որ նման քարտեզի վրա կհայտնվեն աշխարհի այն երկրների մեծ մասը, որտեղ բազմաթիվ ներգաղթյալներ կան Ռուսաստանից եւ Խորհրդային Միությունից, մասնավորապես` դա ամբողջ հետխորհրդային տարածքն է, եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Իսրայելը, Արգենտինան եւ շատ ուրիշ երկրներ։ Սրանով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հասկացրել է, որ հատկապես հետխորհդային տարածքի հանդեպ թուրքական նկրտումները չեն ընդունվելու։ Չնայած Թուրքիան հայտարարում է, թե հետխորհրդային տարածքի երկրների հետ համագործակցությունը չի խանգարի Ռուսաստանին, այլ, ընդհակառակը, հաղորդակցային ենթակառուցվածքների եւ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է, այնուամենայնիվ, դա կարող է իրականությանը համապատասխանել կարճաժամկետ կտրվածքով։ Ի վերջո, երկարաժամկետ ծրագրերում ակնկալվող ձեռքբերումները չեն կարող վերահսկվել եւ տնօրինվել երկուսի կողմից էլ։ Առաջ է գալու գերակա դիրքերից ներկայանալու հրամայականը։ Այստեղ որոշիչ է դառնալու այդ զարգացումներին պատրաստ լինելու հանգամանքը։ Թե բացասական, թե դրական զարգացումների դեպքում էլ, այդ ամենն անմիջականորեն առնչվելու է նաեւ մեր հետաքրքրություններին, քանի որ ավանդաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ամենաթեժ կետերից մեկը դառնում է մեր երկիրը։ Թեեւ ռուս-թուրքական հարաբերություններն արտաքուստ կարող են լինել համագործակցային (որոշ ուղղություններում այդպես էլ կա), սակայն խորքային հարթությունում դրանք անտագոնիստական են։ Երկու կողմն էլ գիտակցում է, որ բացահայտ բախումը կարող է խիստ վտանգավոր լինել իրենց համար, այդ իսկ պատճառով հիմնականում տնտեսական շահերի հիման վրա կառուցված համագործակցությամբ պահպանվում է ուժերի հարաբերակցության ստատուս-քվոն։ Եթե Հարավային Կովկասում միջնորդի կարգավիճակում հանդես է գալիս Ռուսաստանը, ապա ռուս-ուկրաինական պարբերաբար սրվող հակամարտության մեջ իր «միջնորդական» առաքելությունն է առաջարկում Թուրքիան։ Ռուսաստանի արձագանքը` ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բավականին կոշտ է եղել։ Երեկ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին, Զախարովան նշել է, որ «խոսք լինել չի կարող Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայի միջնորդական դերի մասին ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում»՝ ընդգծելով, որ «Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ», իսկ մասնակիցները մի կողմից՝ Կիեւն է, մյուս կողմից՝ Դոնեցկն ու Լուգանսկը։ Բնականաբար, որպես կողմ հանդես գալու դեպքում Ռուսաստանը կհայտնվեր ոչ բարենպաստ դիրքերում, իսկ այս պարագայում ինքը նույնպես հնարավորություն է ստանում հանդես գալ կայունացնող դերակատարությամբ։

hhpress.am/

Ձեզ կհետաքրքրի...