Մեզ համար անսպասելի էր Բաքվի հայտարարությունը. Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ խմբի աշխատանքների ընթացքը
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու և գործը տանելու դեպի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ», — ասել է նա։
Հայաստանի փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանները բացելու դեպքում փոխադրումներ իրականացնելու խնդիրների մշակմամբ: Ըստ Գրիգորյանի, այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել:
Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունների համար անսպասելի էր Հայաստանի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը, սակայն Երևանը հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքը տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ շփումները կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են։
«Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը։ Հուսով եմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն »,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով, «աշխատանքային խմբի բոլոր հանդիպումները մինչ այժմ անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով»։
Ինչպես նշել է Հայաստանի փոխվարչապետը, աշխատանքային խմբի շրջանակներում կողմերը փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և ապաշրջափակման հարցերի շուրջ։
«Նաև ըմբռնում կար, որ ճանապարհների ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով նրանք անցնելու են, և այդ ճանապարհներն իրենց հերթին լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում ե »,- հավելել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:
Իսկ երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Գուբայի շրջան կատարած այցի ժամանակ, Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին չեն ենթադրում Հայաստանի տարածքով դեպի Բաքու որևէ միջանցքի տրամադրում։
armtimes.com