Հայ ժողովրդի համար բարդ շրջանում ՌԴ-ն միակն էր, որ ՀՀ կողքին էր ոչ միայն խոսքով, այլև գործով. դեսպան

RD DESPAN

 Ռուսաստանը մի կողմ չի քաշվել նախորդ տարի ԼՂ-ում ռազմական գործողությունների շրջանում: Այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում: Նա ընդգծել է` հենց ռուսական կողմի և անձամբ նախագահ Պուտինի շնորհիվ է հնարավոր դարձել դադարեցնել արյունահեղությունը:

«Կցանկանայինք նշել, որ հենց այդ` հայ ժողովրդի համար բարդ շրջանում ՌԴ-ն, փաստորեն, միակ երկիրն էր, որ ՀՀ կողքին էր, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլև գործով: Ներկա փուլում ռուսական կողմը կարևորում է, որ ՀՀ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, որ իրեն անվտանգ զգա, վաղվա օրվա նկատմամբ վստահություն ձեռք բերի: Այդ նպատակին են ծառայում թե այն` իրապես տիտանական ջանքերը, որ ՌԴ-ն ձեռնարկում է մեր խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման ու խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ, և թե հայ-ադրբեջանական սահմանին վերահսկողության ուժեղացումը, ծագող հարցերի լուծումն ու իրավիճակի սրումը թույլ չտալուն միտված քայլերը»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով` ՌԴ-ն Երևանի ու Բաքվի հետ համագործակցությամբ հետևողականորեն հասնում է սուր հումանիտար խնդիրների լուծմանը, այդ թվում` ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձին, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ի շահ բոլոր երկրների` տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացմանը:

«Իմ կարծիքով` մարտահրավերները, որոնց հետ բախվել է ՀՀ-ն, ապացուցել են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դատարկ խոսքեր չեն: Ինչպես ասվում է` ընկերոջը ճանաչում են նեղության մեջ: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների հետևողական զարգացումը մեզ և մեր դաշինքի ամրությունը ստուգող փորձությունների ներկա դժվար փուլի հաղթահարման երաշխիքն են»,- նշել է Կոպիրկինը:

 

24news.am

Ձեզ կհետաքրքրի...