Իշխող խմբակցությունն արդեն իրավասու է առաջադրելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու. Անդրանիկ Քոչարյան
Նախորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր ներկայացրել: Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այսօր էլ ընդդիմադիր խմբակցությունների անդամները չէին մասնակցում հանձնաժողովի նիստին:
«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունն անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
12-րդ կետը հստակ արձանագրում է՝ եթե խմբակցությունը սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը: Հիմա մենք գտնվում ենք իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում, և պետք է շարժվենք ըստ այդ դրույթի:
Արդեն իշխող խմբակցությունն ինքն իրավասու է իր կողմից առաջադրելու թեկնածու: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել, դա խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնել»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոնսենսուսի միջոցով հանձնաժողովի նախագահի տեղակալի հնարավոր տարբերակներ ներկայացնեն, հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն է որոշելու թեկնածուին: