Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի .

Ay kez ban
  Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում իհարկե նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում:
Պրոբլեմները չեն կարող չավելանալ, քանի որ դրանք լուծելու փոխարեն Մոսկվան դատարկ աճպարարությամբ է զբաղված: Բռնել, Մոսկվայում հավաք են կազմակերպել, որի անունը, չգիտես ինչու, դրել են «3+3», թեպետ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, իսկ Հայաստանը մասնակցել է զուտ, քանի որ գլխին զենք է դրված: Ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե պաշտոնականության պատրանք ստեղծելու համար Վրաստանի դրոշը չդնեին սենյակում, որտեղ վրացի ներկայացուցիչ չկա: Ժամանակին մեր հայրենական դեբիլներն էին իրենց սպիտակ «07»-ի վրա Կադիլակի նշան փակցնում: Հիմա նույն թերարժեքության բարդույթով ու մտավոր հետամնացությամբ է տառապում մի ամբողջ միջուկային գերտերություն:
Բնական է, որ Փաշինյանը ոչ մի միջանցք չի տալու ու հետևաբար Ալիևը Պուտինին կանգնեցնելու է այն փաստի առաջ, որ Լաչինով երթևեկող բոլոր մեքենաները պետք է ադրբեջանական մաքսակետերով անցնեն: Եթե այս պահի դրությամբ Ադրբեջանը գրեթե ամեն օր գնդակոծում է Արցախի բնակավայրերը, բայց մենք դրա մասին չենք իմանում, քանի որ դա կոծկվում է «ռազմավարական դաշնակցի» իմիջը չփչացնելու համար, ապա մաքսակետերը կոծկել հնարավոր չի լինի: Դա իր հերթին կնշանակի, որ Արցախը փաստացի ռուսական էքսկլավ լինելուց դե ֆակտո կդառնա Ադրբեջանի՝ դեռևս էքսկլավ: Բաքուն կորոշի` ով, ինչ ու ինչքան կներմուծի Արցախ:
Ամեն ինչ բարդանում է նրանով, որ Ալիևը Փաշինյանի հետ հինգ ժամ զրուցել է Բրյուսելում: Երկու կողմերը ԵՄ-ի հետ պայմանավորվել են դեմարկացիան հեշտացնելու համար ներգրավել եվրոպական փորձագետներին: Սա գուցե պակաս նվաստացուցիչ լիներ ՌԴ-ի համար, եթե համապատասխան փոխվարչապետերի բանակցությունները չտապալվեին Մոսկվայում:
Մյուս կողմից Թուրքիան, շատ արագացված տեմպերով, հարաբերություններ է կարգավորում Հայաստանի հետ: Բլումբերգի համապատասխան հոդվածը և Լիպարիտյանի բենեֆիսը ընդամենը հետին թվով այս ամենը զմրսող դրվագներ են: Շուտով կբարձրանա ռուս սահմանապահների անհրաժեշտության հարցը Հայաստանում: Նույն հարցը կբարձրանա Արցախում` ռուս խաղաղապահների առնչությամբ:
Առաջ գոնե զինվորներին գերի վերցնելով էին կարողանում Փաշինյանի սանձերը քաշել, հիմա էդ էլ չի ստացվում: Ասում է` կդատեմ գերիներին ու դատում է: Էս «փայլուն» կոմբինացիան էլ տապալվեց:
Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում… Այ քեզ անակնկալ…

Ձեզ կհետաքրքրի...