Երևանում 23-ամյա վարորդը՝ Infiniti-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ.
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և ստուգել՝ կայանված ավտոմեքենաներից արդյոք գազի արտահոսք կա, թե ոչ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատվել է պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանի և Նորայր Սահակյանի կողմից: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:
shamshyan.com