Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 21-ամյա վարորդը ГАЗ 3102-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Օպերատիվ է գործել նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հայկ Մելիքսեթյանն ու Համբարձում Չոբանյանը, որպեսզի ժամանի վերամբարձ կռունկը և այն դուրս բերեն գետից:
shamshyan.com