Տարածաշրջանը պետք է միավորվի թուրքական նկրտումների դեմ , hhpress

Nkrtumner

   Իրանի հետ բանակցությունների հնարավոր խափանումը եւ Մերձավոր Արեւելքում սպառազինության մրցավազքի պոտենցիալ մեկնարկը Թուրքիային կարող են ստիպել՝ զարգացնելու ռազմական միջուկային ծրագիր: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ հղում անելով Դեյան Մոշեի անվան Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի (Թել Ավիվի համալսարան) հովանու ներքո հրատարակվող «Turkeyscore» ամսագրի հետազոտության մեջ նշված ենթադրություններին: Այն նախանշանները, որ Անկարան ցանկանում է ունենալ սեփական միջուկային պոտենցիալը, կարելի է տեսնել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վաղուց արած հայտարարություններում: Այդուհանդերձ, ինչպես նշում են հետազոտողները, այդ հարցում շատ բան կախված է ոչ միայն Իրանի շուրջ իրավիճակից, այլեւ ներքին քաղաքական դինամիկայից: «Turkeyscore»-ի հրապարակման մեջ նշվում է, որ միջուկային սպառազինության մրցավազքը, որն ինչ-որ փուլում կարող է նախաձեռնել Իրանը, խոստանում է վերջ դնել միջուկային զենքի չտարածմանը Թուրքիայի վարչակազմի հավատարմությանը: Հետազոտողներն ասում են, որ այդ ոլորտում Անկարայի քաղաքականությունը կորոշի թուրքական պետության ղեկավարի որդեգրած կուրսը: «Քաղաքական, կրոնական եւ մեդիա էլիտաների մասնակցությունը թուրքական միջուկային քաղաքականությանը շատ տարիների ընթացքում քիչ ուշադրություն է դարձվել, սակայն Էրդողանի հայտարարությունները հայտնվել են արտասահմանյան ու տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում»,- ասում են փորձագետները: Այդ թեմայով ամենահնչեղ հայտարարությունը կարելի է համարել 2018 թ. նրա ելույթը Կենտրոնական Անատոլիայի տնտեսական ֆորումում: Հանդես գալով միջոցառման մասնակիցների առջեւ՝ Էրդողանը շեշտել է, որ զարգացած բոլոր երկրները միջուկային զինանոց ունեն: Ռազմական ներուժ, ինչպես նշել է նա, ունեն նաեւ մերձավորարեւելյան խաղացողները: «Գրեթե հարեւանությամբ Իսրայելն է: Իսրայելցիները վախեցնում են մյուսներին՝ տիրապետելով նման զենքի, եւ ոչ ոք չի կարող դիպչել նրանց»,- ասել է Էրդողանը: Նրա հայտարարությունը հանգեցրել է հեռուն գնացող եզրակացությունների, որ Թուրքիան այժմ հանդես է գալիս Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթների դեմ, որը նա ստորագրել է 1980 թ., դրա հետ միասին՝ նաեւ Միջուկային փորձարկման համապարփակ արգելքի մասին պայմանագրի դեմ, որն Անկարայի կողմից ստորագրվել է 1996 թ.: Միջուկային էներգետիկայի ոլորտում մշակումների նկատմամբ Անկարայի հետաքրքրությունը վաղուց է նկատվել՝ դեռ անցյալ դարի կեսերին։ Այդուհանդերձ, մինչ օրս նրա ծրագիրը կրել է բացառապես խաղաղ բնույթ։ Թուրքիայի համար ռազմական զսպման գործիքը հիմնականում ապահովում է Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցների եւ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակը։ Գաղտնիք չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայված են մի շարք ամերիկյան մարտագլխիկներ։ Ճիշտ է՝ ռազմական այդ օբյեկտի կարգավիճակն ու գործունեությունը պարբերաբար պատրվակ են դառնում թուրք պաշտոնյաների կողմից սպառնալիքների համար, հենց որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում սառեցման նախանշաններ են ի հայտ գալիս։ «Turkeyscore»-ի հրապարակման հեղինակները միեւնույն ժամանակ բալիստիկ հրթիռների եւ տիեզերական ծրագրի մշակումը համարում են միջուկային ոլորտում թուրքական հավակնությունների անուղղակի նշաններ։ Հետազոտողները հիշեցնում են, որ 2012 թ. Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը հայտարարել է 2.5 կմ հեռահարությամբ հրթիռ մշակելու մտադրության մասին։ Թուրքիան միեւնույն ժամանակ 2018 թ. ստեղծել է սեփական տիեզերական գործակալություն: Ծրագիրը ներառում է թռիչքներ դեպի Լուսին, թուրք տիեզերագնացներին տիեզերք ուղարկում եւ կենսունակ արբանյակային համակարգերի մշակում։ «Թուրքիան ձգտում է զարգացնել ազգային ներուժը հրթիռակիրների արձակման համար, որը վերջնարդյունքում կարող է նման լինել Իրանի «քաղաքացիական» տիեզերական ծրագրին»,- նշված է «Turkeyscore»-ի հոդվածում: Համարժեք հավակնությունները բացատրվում են նաեւ իսլամական ավանդույթների տեսանկյունից: 2009 թ. հայտնի աստվածաբան Հայրեթին Քարամանը «Ենի Շաֆաքի» իր սյունակում նշել է. «Մեր մարգարեի ժամանակ ձիերն ու նետերը պատերազմի ամենաարդյունավետ միջոցներն էին: Այդ իսկ պատճառով մահմեդականները խրախուսում էին ձիավարության եւ նետաձգության ուսուցումը: Այսօր ամենաարդյունավետը միջուկային զենքն է»։ Իսկ պետությունները, որոնք չունեն համապատասխան ներուժ, նրա խոսքերով՝ հզորության պակասից խնդիրներ կունենան «մեծ վտանգների ու սպառնալիքների» պայմաններում։ Այս առումով միջուկային զենքի տիրապետումը դիտվում է որպես օրինական զսպող միջոց: Հասկանալի է, որ պոտենցիալ թռիչքը դեպի ռազմական ատոմը կարժանանա թուրքական իսթեբլիշմենտի ազգայնական շրջանակների հավանությանը, մինչդեռ քեմալական քաղաքական գործիչները կարող են որոշակիորեն մերժել ռազմական միջուկային ծրագրի գաղափարը, եթե Անկարան այս ոլորտում համագործակցություն զարգացնի արեւմտյան աշխարհին չպատկանող միջազգային խաղացողների հետ։ Չնայած վերջին տարիներին Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններից ընդհանուր հիասթափությանը, քեմալականներն առաջվա պես կարծում են, որ Թուրքիայի համար առաջնահերթությունը պետք է լինի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Ընդդիմության շարքերում գտնվող թուրքական «Լավ» կուսակցությունը նույնպես կարող է չաջակցել նախաձեռնությանը՝ ելնելով շրջակա միջավայրի պահպանման սկզբունքին իր հավատարմությունից: «Turkeyscore»-ի հետազոտության մեջ ասվում է, որ Թուրքիայի՝ սեփական միջուկային ծրագրի զարգացման հեռանկարները շատ բանով կախված կլինեն ներքին քաղաքական դինամիկայից: Փորձագետների խոսքերով՝ գործող նախագահի կողմից ուրվագծված կուրսի պահպանումը կամ նրա հավանական իրավահաջորդներից մեկի իշխանության գալը, ամենայն հավանականությամբ, կարող են լինել դեպի ռազմական ատոմ թռիչքի գործոնները։ «Նախագահ Էրդողանն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է քաղաքական եւ տնտեսական գին վճարել իր ռազմավարական որոշումների համար»,- նշված է հետազոտության մեջ: Բայց քեմալական կարգին վերադարձը կամ նվազագույնը արեւմտյան կողմնորոշում ունեցող ղեկավարության հայտնվելը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ Անկարան հրաժարվի իրականացնել իր միջուկային նկրտումները: Այս նյութում մենք ընդհանուր գծերով խոսեցինք «Turkeyscore»-ի հրապարակման մասին: Հրապարակում, որի բովանդակությունը, ըստ իս, պակաս կարեւոր է այս պահին, քան նրա նախընտրական նշանակությունը: Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, լիրայի կտրուկ արժեզրկման, տարբեր ուղղություններում ռազմական էքսպանսիայի ձախողման պայմաններում Էրդողանի վարչակազմին միջոցներ են պետք՝ տնտեսական ճգնաժամի ու արտաքին քաղաքականության մեջ կրած ձախողումների ազդեցությունը թուլացնելու եւ ընտրողներին որեւէ երազով «ապրել ստիպելու» համար: Այո, Էրդողանը վաղուց խոսել է միջուկային զենքի մասին, բայց դա արել է ոչ թե որպես հայտարարություն, այլ հռետորական հարց է հնչեցրել, թե ինչու Անկարան դա չպետք է ունենա, եթե այլ պետություններ ունեն: Միջուկային զենքի գաղափարը կարող է ոգեւորել Թուրքիայի ազգայնական շրջանակներին, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում, ըստ իշխանության հաշվարկների, իրենց ձայնը կտան Էրդողանին: Չմռանանք, որ վերջինիս հետ իշխանական կոալիցիա է կազմել «Ազգայնական շարժում» կուսակցությունը, եւ ազգայնական գաղափարների շրջանառությունը Թուրքիայում ընտրությունների շեմին օրեցօր կավելանա: Այդ հոդվածի եւս մեկ նշանակությունն այն է, որ դրանով փորձ է արվում բացառել արեւմտամետ ուժերի իշխանության գալը: Ընտրություններում վերջիններիս հաղթանակը, ինչպես երեւում է այդ հրապարակման տրամաբանությունից, կարող է խաչ քաշել Թուրքիայի միջուկային ձգտումների վրա: Հաջորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հոդվածը հրապարակվել է Թել Ավիվի համալսարանի Դեյան Մոշեի անվան Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի հովանու ներքո հրատարակվող «Turkeyscore» ամսագրում: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հայտարարեց, թե տվյալներ չունեն այն մասին, որ Իրանը ռազմական միջուկային զենք է ստեղծում, բացի այդ, Իսրայելն է ագրեսիվություն դրսեւորող միակ կողմը, Թել Ավիվը սկսել է զարգացնել հարաբերություններն արաբական աշխարհի հետ եւ քայլեր կատարել, իբր, անկախ քաղաքականության իրականացման ուղղությամբ: Նրա հետ կապ ունեցող ամսագրում այսպիսի հոդվածի հրապարակումը կարող է արժանահավատ թվալ, առավել եւս, որ Թուրքիայում ատոմակայան է կառուցում Ռուսաստանը, բայց այս տեղեկատվության նպատակն ԱՄՆ-ին ասելն է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը շղթայական ռեակցիայի ուժով նույնպիսի հավակնություններ կառաջացնի նրա հարեւան երկրներում՝ ոչնչացման վտանգի տակ դնելով ողջ տարածաշրջանը: Նման պնդումները մեկ նպատակ ունեն՝ ԱՄՆ-ին վերադարձնել հրեական պետության շահերի ուղեծիր, բայց միջուկային զենքի տարածման դեմ պայքարելու փոխարեն տարածաշրջանը նետել բոցերի մեջ. վտանգավորն այն է, որ միջուկային զենք ունենա ցեղասպան երկիրը՝ Թուրքիան, որը շարունակում է ապրել միջնադարյան բարբարոսության սկզբունքներով՝ դուրս մնալով քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգից: Ենթադրենք, որ Թուրքիան, իրոք, միջուկային զենք է ստեղծում: Ո՞վ կարող է մեղադրել Հայաստանին, եթե վերջինս շարժվի նույն ուղղությամբ, եթե ցեղասպան երկիրը շարունակի չընդունել իր կողմից իրականացված ցեղասպանության փաստն ու ներողություն չխնդրի Հայաստանից, հայ ժողովրդից: Եթե դա տեղի չունենա, այս աշխարհում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ աշխարհի գլխին չի կախվի միջուկային ցեղասպանության վտանգը: Տարածաշրջանում խաղաղության միակ բանաձեւը Հայաստանի՝ Թուրքիայից միշտ մեկ քայլ առաջ լինելն է:

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...