«Կիևը կարծես պատրաստվում է Դոնբասի հակամարտության ռազմական լուծման». Զախարովա

ZAxarova

   Ուկրաինայի իշխանությունները, 20%-ով ավելացնելով պաշտպանական բյուջեն, կարծես թե պատրաստվում են Դոնբասում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է TASS-ը։

«Ութ տարի տևած քաղաքացիական պատերազմին վերջ տալու փոխարեն՝ Կիևը կարծես պատրաստվում է, ինչպես իրենք են անվանում, «Դոնբասի խնդրի» ռազմական լուծման։ Դա 12 միլիարդ դոլար է՝ պատերազմի համար, իրենց քաղաքացիների հետ։ Հենց այն քաղաքացիների, ում մասին այդքան հաճախ են խոսում և մտածում միայն ռազմական բյուջեի ստորագրման ժամանակ։ Ուկրաինայի ռազմական բյուջեն աճել է 20%-ով»,- նշել է դիվանագետը։ 

Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնբասում շփման գծում շարունակում է վատթարանալ։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը հաշվել է հրադադարի ռեժիմի խախտման գրեթե 7000 դեպք, և դա, հիշեցնեմ, հինգ անգամ ավելի է, քան 2020 թվականի դեկտեմբերին։ Սա նշանակում է, որ մոտ երեք րոպեն մեկ տարածաշրջանում պայթյուն է տեղի ունենում, ինչ-որ մեկի կյանքին վտանգ է սպառնում»,-  ասել է Զախարովան։ 

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ցավում է, որ ՆԱՏՕ-ի երկրները լիովին աջակցում են պաշտոնական Կիևին սեփական բնակչության դեմ «խաչակրաց արշավանքում»։

Ձեզ կհետաքրքրի...