«Ռոսկոսմոսն» Ադրբեջանին առաջարկում է համատեղ նախագծեր Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ու տիեզերական ոլորտում

Rogozin

  Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան Ադրբեջանին առաջարկում է նոր համատեղ նախագծեր՝ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ու տիեզերական ոլորտում։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ադրբեջանական CBC-ին տված հարցազրույցում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ «Առաջարկել ենք ադրբեջանական վերականգնվող քաղաքների համար թեթև երթուղային տրանսպորտ։ Մենք հիմա արտադրում ենք շատ հետաքրքիր ու գեղեցիկ տրամվայներ, արտադրում ենք «Մագլեֆ» համակարգ՝ մագնիսական բարձիկով գնացքներ։ Մենք պատրաստ ենք դրանք մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև բժշկական սարքավորումներ և շատ այլ բաներ։ «Ռոսկոսմոսը» կարող է դառնալ շատ կարևոր գործընկեր ադրբեջանական տնտեսության համար»,- ասել է Ռոգոզինը։ Նա նաև հայտնել է, որ «Ռոսկոսմոսը» նախատեսում է Ադրբեջանի տիեզերական գործակալության հետ համագործակցել տիեզերքից երկրի հեռավար զոնդավորման ոլորտում։ Բացի այդ, Ռոգոզինը նշել է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է ստեղծել տիեզերական սարքավորումների ուղեծրային խմբավորում, և ռուսական պետական կորպորացիան պատրաստ է կիսվել իր փորձով, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ «Մենք ունենք տիեզերական սարքեր, որոնք ստեղծվել են՝ Ադրբեջանի շահերից ելնելով, սակայն կարելի է ավելին անել, և մենք պատրաստ ենք առաջարկել այստեղ շատ սերտ համագործակցություն, ընդհուպ մինչև տիեզերական սարքերի ստեղծում, համատեղ օպերատորական տիեզերական ծառայությունների ստեղծում՝ տիեզերական ֆոտո և վիդեո նկարահանումների համար, դրան գումարած էլ՝ կարելի է ասել, որ Ադրբեջանն ունի ռեսուրսներ դրա համար»,- ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։ Նա ընդգծել է, որ ռուսական կորպորացիան նախատեսում է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ոչ միայն տիեզերական, այլև էներգետիկայի, տրանսպորտի և բժշկության ոլոտներում։ Հաղորդվում է նաև, որ առաջիկայում Ռոգոզինը նախատեսում է այցելել Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...