Փաշինյանի դեմ հայցով Քոչարյանը պահանջում է հերքել «Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ»՝ Փաշինյանի խոսքը

Pahanjum e herqel

  Այսօր՝ հունվարի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» քաղաքացիական հայցով դատական նիստը։   

Դատական նիստին ներկա էին հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը և ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը։

Դատական նիստը լուսաբանվում էր ԶԼՄ-ների կողմից, սակայն պատասխանողի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն առարկեց ԶԼՄ-ների կողմից դատական նիստի լուսաբանումը։

«Նկատի ունենալով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ դատարանի թույլտվությունը պայմանավորված է բացառությամբ գործին մասնակցող կողմերի հայտնած համաձայնությամբ, հետևաբար դատարանը չի կարող թույլատրել ԶԼՄ-ներին տեսագրել նիստը»,- ասաց դատավոր Սերգեյ Սահակյանն ու հավելեց, որ դատական նիստը դռնբաց է, և լրագրողները կարող են նստել նիստերի դահլիճում և միայն ձայնագրել, այլ ոչ թե տեսաձայնագրել։ 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քաղհայց է ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Ռ. Քոչարյանի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ 

Նշենք, որ հայցվոր կողմն իր հայցադիմումով պահանջել է հերքել Նիկոլ Փաշինյանի կողմից արված ներքոնշյալ հայտարարությունը և հօգուտ Քոչարյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ: 

«2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ զնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:

Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվեն, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ:

Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:   

Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչու: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար: 

Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում՝ 2008 թվականի իշխող շրջանակների կողմից, զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք»,- հանրահավաքի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը։  

Ձեզ կհետաքրքրի...