Մեծ Բրիտանիան զենքով ու ռազմամթերքով բեռնված երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա armtimes

Zorq

Միացյալ Թագավորությունը զենքով բեռնված երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ այդ մատակարարումների մասին նախօրեին հայտարարել էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Այս մասին հայտնում է  ուկրաինական «Ֆոկուս» լրատվականը։

 Հրատարակության տվյալներով՝ երկուշաբթի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո Լոնդոնից Ուկրաինա է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով։ «Այսօր առավոտյան Կիևում վայրէջք է կատարել հակատանկային զինատեսակներով երրորդ ինքնաթիռը»,- նշվում է հրապարակման մեջ:

 Միաժամանակ ենթադրվում է, որ ինքնաթիռը մատակարարել է NLAW հակատանկային համակարգեր՝ շարժական հակատանկային կառավարվող հրթիռներ։

 Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի նախօրեին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան անվտանգության նոր փաթեթ է տրամադրում Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես, ւստ նրա՝ Լոնդոնը պաշտպանական նպատակներով կմատակարարի թեթև հակատանկային զինատեսակներ՝ կապված ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի ենթադրյալ կենտրոնացման հետ կապված իրավիճակի հետ։

Ավելին, նա ավելացրել է, որ «բրիտանացի զինվորականների փոքրաթիվ անձնակազմը»  բրիտանական ռազմական հրահանգիչների ORBITAL առաքելության շրջանակներում վերապատրաստում կիրականացնի:

 Նախարարն ընդգծել է, որ այդ տեխնիկան վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար՝ լինելով կարճ հեռահարությամբ պաշտպանական զինատեսակներ։

Հիշեցնենք, վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարությունները արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...