Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Ա. Սահակյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տեսուչներ Մեսրոպ Անտոնյանն ու Արման Սուքիասյանը, ձեռնպահ մնալով կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելուց, նյութական օգուտ ստանալու շահադիտական նպատակով տուժողին հայտնել են, որ հիշյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար անհրաժեշտ է խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները:
Արթուր Սահակյանը, նախապես տեղեկացված լինելով, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի մերձավորները պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների հետ` նյութերի ընթացքը հօգուտ իրական վնասվածք հասցնողի լուծելու շուրջ և վախենալով խոչնդոտելու դեպքում իր ընտանիքի անդամներին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներից, ենթարկվել է Արման Սուքիասյանի ու Մեսրոպ Անտոնյանի հրահանգներին: Արդյունքում տեսուչ Մ. Անտոնյանը տուժողի բացատրությունում և դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև վերջինս վիճաբանել է իր խանութ այցելած անծանոթ հաճախորդի հետ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ անզգուշությամբ վնասվածք է ստացել: Ընդ որում, ոստիկանության մյուս տեսուչի` Արման Սուքիասյանի թելադրանքով տուժողը բացատրության մեջ արձանագրել է իրականում վիճաբանության դեպքի հետ առնչություն չունեցած այլ անձի տվյալներ` նշելով, թե իբրև նրա կողմից է վնասվածք ստացել:
Բացի այդ, այլ անձանց օժանդակությամբ համապատասխան բժշկական հիմնարկից ստացվել է կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք, որի հիման վրա տրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Ա. Սահակյանին պատճառվել է միջին ծանրության վնաս, այն դեպքում, երբ վերջինիս իրականում պատճառվել է ծանր վնաս` ձախ աչքի տեսողության կորստի հատկանիշով:
Մեսրոպ Անտոնյանի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են Ա. Սահակյանին վնասվածք պատճառելու իրական հանգամանքները, այն կատարած, ինչպես նաև դեպքին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր ազատվել են քրեական պատասխանատվությունից: Այդ կերպ նախադրյալներ են ստեղծվել նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մեսրոպ Անտոնյանին և Արման Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու և Համաներման մասին օրենքն ընդունվելու կապակցությամբ:
Մեսրոպ Անտոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի
դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: