ՀԴԲ-ն խուզարկել է ամերիկացի կոնգրեսականի տունը՝ Ադրբեջանի հետ կապված հետաքննության շրջանակում . factor.am

Khuzarkutyun

   ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարի տունը և Թեխասում նախընտրական գրասենյակը՝ Ադրբեջանի և մի շարք ամերիկացի գործարարների հետ կապված դաշնային լայնածավալ հետաքննության շրջանակում։ Այս մասին ABC News-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Դաշնային մեծ ժյուրին Վաշինգտոնում քննում է այս հարցը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Քուելարը հետաքննության թիրախում է։ Այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություն են իրականացրել Լարեդոյում Քուելարի տանը, կոնգրեսականի օգնականը հայտարարություն է տարածել, որ նա կհամագործակցի ցանկացած հետաքննության ։ «Նա հավատարիմ է արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ: Իր հերթին ՀԴԲ-ի խոսնակը հայտարարել է, որ կոնգրեսականի տանն ու գրասենյակում ցանկացած գործողություն լիազորված է դատարանի կողմից։ Քուելարը, որը ներկայացնում է Թեխասի 28-րդ կոնգրեսական շրջանը, Կոնգրեսում է 2005 թվականից։ Վերջին տարիներին նա Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի նախագահն էր և հաճախ էր հանդիպում Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին։ Նշենք, որ Սուլեյմանովն այժմ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն է։ Անցած տարվա ընթացքում Քուելարը հաճախ է քննադատել Ջո Բայդենի վարչակազմին սահմանի հետ կապված քաղաքականության համար։ ՀԴԲ-ի խոսնակն ու Արդարադատության դեպարտամենտը հրաժարվել են մեկնաբանել այդ պատմությունը։ Էմմա Չոբանյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...