ՎԶԵԲ-ը հայտնում է Հայաստանում 2021 թվականին ռեկորդային ներդրումների մասին

VZEB

  2021 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) աջակցել է Հայաստանի տնտեսությանը շուրջ 175 միլիոն եվրո գումարի ռեկորդային ներդրումով՝ բանկային, էներգետիկ և քաղաքային տրանսպորտի ծրագրերում:

ՎԶԵԲ-ն էլ ավելի է մեծացրել իր ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով կորոնավիրուսային համաճարակի հետևանքներից վերականգնման կանաչ, ներառական և կայուն ուղիների վրա։ 2021 թվականին Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների մոտ 90 տոկոսը բաժին է ընկել մասնավոր հատվածին: Այս ներդրումների գումարից 106 միլիոն եվրոն տրամադրվել է ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» (GET) մոտեցման ներքո:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «2020 թվականին Հայաստանում մոտ 160 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներից հետո մենք մեծացրել ենք Հայաստանում մեր ներդրումների ծավալը 2021 թվականին՝ տրամադրելով ավելի քան 170 միլիոն եվրո։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ)  հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին ռազմավարական կարևորություն ունեցող այս գործընկերության համար»: 

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին` տրամադրելով վարկային գծեր Հայաստանի գործընկեր բանկերին, որոնք իրենց հերթին վարկեր կտրամադրեն ՓՄՁ-ներին՝ բարելավելու վերջիններիս մրցունակությունը, էներգաարդյունավետությունը, տնտեսական ճկունությունը և ներառականությունը: Վարկային գծերին զուգահեռ մեր դոնոր գործընկերները՝ Եվրամիությունը, SIDA-ն և Կանաչ Կլիմայի հիմնադրամը, դրամաշնորհներ են տրամադրել: Պահպանելով կարևոր առևտրային հոսքերը՝ ՎԶԵԲ-ն՝ իր Առևտրի խթանման ծրագրի  շրջանակներում, աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 50 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկեր:

ՎԶԵԲ-ը շարունակել է համագործակցել իր երկարամյա հաճախորդի՝  Հայաստանի Էլեկտրական ցանցերի հետ՝ աջակցելու Հայաստանի էներգամատակարարման համակարգի արդիականացմանը, այդ թվում՝  Գյումրիում և Երևանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքների հզորացմանը։

ՎԶԵԲ-ն աջակցել է Երևանի քաղաքապետարանի ծրագրին՝ արդիական ՍԲԳ ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացում։ Ծրագրերը խոշոր դրամաշնորհ են ստացել Արևելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությունից (E5P):

ՎԶԵԲ-ը բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով 80 խորհրդատվական ծրագրեր, երեք միջազգային խորհրդատվական միջոցառում և շուկայի զարգացման 10 միջոցառում և վերապատրաստման դասընթացներ:

Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ), որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից և որին աջակցում է ՎԶԵԲ-ը, շարունակել է իր աշխատանքը էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի բարելավման մի շարք միջոցառումների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ՎԶԵԲ-ի գարծունեության երկրներում կանաչ ծրագրերի ֆինանսավորումը կազմել է ռեկորդային 5,4 միլիարդ եվրո, ինչը 10,4 միլիարդ եվրո ընդհանուր բիզնես ծավալի 51 տոկոսն է:

Ձեզ կհետաքրքրի...