Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Adrbejani agn

  Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար: Ինչպես փոխանցում է Փաստինֆո-ն, այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Մասնավորապես՝ հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ՝ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, թե, իբր, Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ են զարգանում։ «Հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակից է միջազգային բազմակողմ հարթակներին՝ ներառյալ մի շարք կազմակերպություններում հաջող նախագահության փորձերը»,-ասել է նա և հավելել.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքով։ Հենց այս սկզբունքով էլ միջազգային կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիր, երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն»:

 

 

Goril

Ձեզ կհետաքրքրի...