Բրիտանական դատարանը թույլատրել է ադրբեջանցի պատգամավորի ընտանիքից բռնագրավել 7,6 մլն դոլար

Milionner

Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալությունը 5,6 միլիոն ֆունտ ստերլինգ (7,56 միլիոն դոլար) կբռնագրավի ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքի անդամների բրիտանական բանկային հաշիվներից։  

Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է կազմակերպության կայքէջում։

 

Վերջինս նշում է, որ այդ փողերն անց են կացվել զանգվածային լվացման սխեմայով, որը դեռ 2017 թվականին բացահայտել էր OCCRP-ն։

Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ բռնագրավման ենթակա փողերը ստացվել են, այսպես կոչված, «Ադրբեջանական լվացքատնից». փողերի լվացման բարդ համակարգ, որի միջոցով երկու տարվա ընթացքում, շնորհիվ կեղծ ընկերությունների, անցել է 2,9 միլիարդ եվրո։ Դրանց հաշիվները գրանցված են եղել նաև Էստոնիայում և Լատվիայում, իսկ այդ փոխանցումներից որոշներն ուղեկցվել են գործառնական գործունեության վերաբերյալ փաստաթղթերով։ Դատարանը, սակայն, եկել է այն եզրահանգման, որ դրանք կեղծ են եղել և «ստեղծվել, որպեսզի քողարկեն փողերի լվացումը»։

Նոյեմբերին Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալությունը պահանջել էր կալանք դնել Ֆեյզիևի բարեկամների հաշիվների վրա գտնվող 15 միլիոն ֆունտի վրա (20,25 միլիոն դոլար), սակայն դատարանը բավարարել էր այդ գումարի միայն մեկ երրորդը։

Երկու կողմերն էլ գոհ են մնացել դատարանի որոշումից։

Գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ «դա փողերի էական բռնագրավում է, որոնք լվացվել են «Ադրբեջանական լվացքատնով», ինչը «արտացոլում է յուրաքանչյուրի համար ռիսկը, որն օգտագործում է այդպիսի սխեմաներ»»։

Ֆեյզիևների ընտանիքի ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ, չնայած «հիասթափված են» միջոցների բռնագրավումից, բայց «գոհ են նրանից, որ շահել են հայցի մեծ մասը և ստացել դատարանի հաստատումն այն մասին, որ ո՛չ Ջավանշիր Ֆեյզիևը, ո՛չ էլ պատասխանողներից մեկը կոռուպցիայով չեն զբաղվել»։

Ֆեյզիևը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է, Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական աշխատանքային խմբի նախագահն ու ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը։

Ձեզ կհետաքրքրի...