Երգի պետական թատրոնը պետք է կոչվի Արթուր Գրիգորյանի անունով. երգիչները քայլեր կձեռնարկեն
Արտիստների խոսքով՝ թատրոնը ստեղծելու գաղափարն Արթուր Գրիգորիչինն էր, իրենք նրա հետևորդներն են։
Հայ արտիստները հանդես են եկել երգահան Արթուր Գրիգորյանի պատվին Երգի պետական թատրոնն անվանակոչելու նախաձեռնությամբ: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նախաձեռնության մասին հայտնել է երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։
«Դա քննարկման ենթակա չէ։ Թատրոնը ստեղծելը նրա միտքն էր, և մենք, մեր սերունդը՝ Արթուրի գլխավորությամբ, օգնում էինք նրան», — նշեց Արամոն։
Իր հերթին ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը նկատեց, որ արդեն կա նման նախադեպ, քանի որ ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի շնորհիվ ստեղծված թատրոնը նրա մահից հետո անվանակոչվեց ռեժիսորի պատվին։
«Երգի պետական թատրոնը պետք է անվանվի նրա (Արթուր Գրիգորյանի,–խմբ.) պատվին։ Եվ այնտեղ պետք է հնչեն Արթուրի երգերը։ Նա ապրելու է իր յուրաքանչյուր ստեղծագործության կատարման ժամանակ»,- ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երգահան Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
2001 թվականից եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։