Թուրքական թերթ. «Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու». ermenihaber

Popoxutyunner

  Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի, Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Անկարայի նախաձեռնություններին և այդ համատեքստում առաջիկայում կատարվելիք քայլերին:

«2022-ի դիվանագիտությունում գարնանային կարգավորումներ. Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր կարվեն» հոդվածում նշվում է, որ գարնան ամիսներին արդեն կձևավորվեն այն գործընթացները, որոնք Թուրքիան սկսել է խնդրահարույց դիվանագիտական հարաբերություններով երկրների հետ:

«Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ սկսված քննարկումների, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ճակատագիրը կորոշվի առաջիկա ամիսներին»։

Այնուհետև թուրքական լրատվամիջոցը հանգամանորեն անդրադարձել է այդ 3 գործընթացներին առանձին-առանձին։

ԻՍՐԱՅԵԼ

Թերթը հիշեցնելով, որ օրերս Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը զանգահարել և հետաքրքրվել էր կորոնավիրուսով վարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջությամբ, նշել է, որ սա վկայում է գործընթացի առկայության մասին: Բացի դրանից նախորդ ամիս Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի ու Իսրայելի ԱԳՆ-ի 1-ին տեղակալի միջև: Հունվարի 13-ին էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հերցոգի հետ, 20-ին էլ ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Իսրայեի պաշտոնակից Լապիդի: Մարտին էլ սպասվում է Իսրայելի նախագահի այցը Թուրքիա: 

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ թերթը նախ նշում է, որ 2 երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում, ապա հավելում, որ ըստ լուրերի՝ առաջին հանդիպումների ընթացքում երկխոսությանը միտված քայլեր իրականացնելուց հետո բուն բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում և Երևանում:

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Նշվում է, որ ԱՄԷ-ի հետ հարաբերություններում էլ սառույցը զգալի չափով հալվել է, և արդեն տեղի է ունեցել մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի այլցը ԱՄԷ, Փետրվարի 14-15-ին էլ սպասվում է Էրդողանի այցն այդ երկիր: 

Թերթը մեկ նախադասությամբ անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով որ դրանց կարգավորուման գործընթացն ավելի երկար ժամանակ կպահանջի: 

Վերջում էլ թերթը հիշեցրել է, որ Հայաստանի ու Իսրայելի արտգորնախարարները հրավիրվել են մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին ու հավելել, որ հունվարի 24-ին արած հայտարարութան մեջ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է ֆորումին մասնակցելու մեծ հավանականության մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...