Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է Արցախից տեղահանված անձանց նամակին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը գրավոր պատասխանել է Արցախից տեղահանված անձանց նամակին։
Այս մասին Lragir.am-ին հայտնել է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձինք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, ԱԳՆ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի դեսպանատան շենքերի մոտ՝ բարձրացնելով իրենց փախստականի կարգավիճակ տալու, Արցախի կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը։ Հայաստանի կառավարությունից ու ԱԳՆ-ից արցախցիների նամակներին չեն արձագանքել։
«Ամիսներ առաջ Ֆրանսիայի դեսպանատուն փոխանցած մեր նամակին պատասխան է եղել՝ արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի ստորագրությամբ։ Այստեղից հարց՝ եթե Ֆրանսիայի արտգործնախարարը պատասխանում է մեր նամակին, Հայաստանի արտգործնախարարը ինչո՞ւ չի բարեհաճում պատասխանել։ Մենք գրեթե նույն հարցերով ենք դիմել այդ կառույցներին։ Գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, չունենալով իրավական ստատուս, լինելով փաստացի փախստականի կարգավիճակում, դիմել ենք ՀՀ արտգործնախարարին և ընդամենը հանդիպում ենք պահանջել, որպեսզի մեզ բացատրի՝ ո՞վ ենք մենք կամ ո՞վ են իրենք, որ մեզ այս վիճակում են պահում։ Մեզ չեն պատասխանել, բայց խոստացել են, որ անպայման կազմակերպելու են հանդիպում նախարարի կամ այլ պաշտոնյայի հետ, բայց ոչ մեր նամակին են պատասխանել, ոչ էլ հանդիպում են կազմակերպել», — ասել է Լևոն Հայրյանը։
Արցախից տեղահանված բնակիչները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը դիմել են մի քանի անգամ, նրանց հիմնական պահանջն այն էր, որ փախստականի կարգավիճակի հարցերին օժանդակեն։
«Մենք նույնիսկ մեր նամակում գրել ենք, որ եթե մեր հարցերը Հայաստանում կամ Արցախում չեն լուծվելու, Ֆրանսիայում մեզ քաղաքական ապաստան տրամադրեն։ Մեր նամակի պատասխանում գրված է, որ այն հանձնվել է նախագահ Մակրոնին, ում հանձնարարությամբ արտգործնախարարը պատասխանել է մեզ»- հավել է Հայրյանը։
Արցախցիներին ուղղված նամակում Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտում է, որ դիվանագիտական առումով Ֆրանսիան կարևորում է կողմերի միջև երկխոսության վերսկսումը՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը հասնելու նպատակով։ Ինչ վերաբերում է արցախցիների բարձրացրած հարցերին, ապա Ֆրանիսյաի ԱԳ նախարարը կոչ է արել․ «Կապ հաստատել Ֆրանսիայի դեսպանատան հետ, որը լավագույնս կարող է ձեզ աջակցել, եթե նախատեսված չափորոշիչները թույլ կտան»։