Ես չեմ հավատում ռուս ժողովրդի՝ արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու ցանկությանը. Բայդեն

Biden

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին՝ հայտարարությամբ, թե չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու՝ Ռուսաստանի ժողովրդի ցանկությանը։

«Ես դիմում եմ ռուս ժողովրդին՝ դուք մեր թշնամին չեք: Եվ ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի, ում հետ դուք այդքան խոր կապեր ունեք»,- ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում հիշել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որում երկու երկրները միասին կռվել են։ «Մեր ժողովուրդը 77 տարի առաջ ուս ուսի տված կռվել և զոհաբերվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմը պարտադրված է եղել: Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ կամ պատերազմ առանց պատճառի»,- նշել է նա:

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։

«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն, մենք նույնպես այնտեղ տեղակայելու պլաններ չունենք»,- ասել է նա։

«Մենք թիրախ չենք ընտրում ռուս ժողովրդին, մենք չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Ըստ ԱՄՆ-ի առաջնորդի՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա այնտեղ ռազմական գործողությունների դեպքում, սակայն հավատարիմ են լինելու ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։

«Չնայած ես չեմ ուղարկի ԱՄՆ զինվորականներին Ուկրաինա՝ կռվելու, մենք ուկրաինացի զինվորականներին սարքավորումներ ենք մատակարարել, որպեսզի օգնենք նրանց պաշտպանվել: Նույն նպատակով մենք նրանց վարժեցնում ենք, խորհուրդ ենք տալիս, տրամադրում հետախուզություն: ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակումը հարձակում է դաշինքի բոլոր անդամների վրա»,- ասել է նա։ 

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ այս ամսվա սկզբին հրամայել է մի քանի հազար ամերիկացի զինվորականներ տեղափոխել Եվրոպա՝ «ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար»։ «Մենք կշարունակենք նաև զորավարժություններ անցկացնել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար: Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը ներխուժի Ուկրաինա], մենք հետագա քայլեր կձեռնարկենք ՆԱՏՕ-ում մեր ներկայությունն ուժեղացնելու, մեր դաշնակիցներին աջակցելու և ագրեսիայի հետագա զսպման համար»,- ասել է Բայդենը։

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armtimes.com

 

Ձեզ կհետաքրքրի...