Հայաստանում կարտադրվեն փոքր ինքնաթիռներ՝ արտահանելու հեռանկարով

Inqnatir

  Չեխական «Balus Tech» ընկերությունը Ստեփանավանի օդանավակայանում կկառուցի գործարան, որտեղ կարտադրվեն 1-2 տեղանոց փոքր ինքնաթիռներ։ Նախաձեռնությունը և ֆինանսավորումը չեխական ընկերությանն է, մասնագետներն ընտրվելու են հայկական ավիացիայից։ Հայաստանը չեխ գործընկերներին գրավել է իր աշխարհագրական դիրքով և տնտեսական օրենսդրությամբ։ 

1-2 տեղանոց և մեկ շարժիչով փոքր օդանավեր ոչ միայն Հայաստանի երկնքում, այլև  հայ մասնագետների ձեռամբ։  «Balus Tech» չեխական կազմակերպությունը Ստեփանավանի օդանավակայանի տարածքում նախատեսում է ավիագործարան կառուցել, որտեղ կհավաքվեն փոքր օդանավերը։ Թե ինչով է Հայաստանը հետաքրքրել չեխ գործընկերներին՝ հետաքրքրվեցինք հայաստանյան ներկայացուցիչ, հայ չեխական «AM Pro Avia» կազմակերպության տնօրեն Գրիգոր Բաբայանից։  Հայաստանը գրավիչ է ինչպես տնտեսական օրենսդրությամբ, այնպես էլ աշխարհագրական դիրքով, «Ռադիոլուր»-ին ասաց ընկերության ներկայացուցիչը․

«Հայ–չեխական կազմակերպությունը Հայաստանում զբաղվելու է փոքր ինքնաթիռների արտադրությամբ։ Այս պահին, ըստ  պայմանավորվածության, արտադրության մի մասը լինելու է Հայաստանում, մյուս բաղադրիչ մասերը կուղարկվեն Հայաստան և վերջնական կհավաքվեն այստեղ։ Գործարանը կառուցվելու է Ստեփանավանում, քանի որ այնտեղ կա օդանավակայան, որը այս պահին չի շահագործվում, և ավելի ազատ է, քան Երևանում կամ Գյումրիում»։

Ավիագործարանին երկար չենք սպասի։ Ընկերությունը խոստանում է այն շահագործել մինչև տարեվերջ։ Ավիագործարան ստեղծելու նախաձեռնությունը ողջունում է նաև ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը։ Միայն թե, ի տարբերություն չեխական ընկերության, փորձագետը լավատես չէ։

«Վստահ եմ, որ մեր ավիացիան այնքան զարգացած չէ, որ որևէ մեկը դրսից ներդրում անի, և այդտեղ օդանավ պատրաստեն վերջնական թռիչքի հ ամար։ Դա անհնար  է մոտակա 20 տարում։  Վերջին 10 տարիների միտումներն այնպիսին են, որ բոլոր ուժեղ ավիացիոն կադրերը լքեցին երկիրը։ Պոլիտեխնիկի համապատասխան ֆակուլտետը  գրեթե փակվեց։ Հիմա հո չեխերը չե՞ն գալու արտադրեն, մենք պետք է արտադրենք։ Օդանավի չափն այնքան կարևոր չէ, որքան որոշ կոմպոնենտներ, որոնք կապված են թռիչքային անվտանգության հետ։ Օդանավ պատրաստողները ունեն համապատասխան հմտություն, տարիների փորձ, ինչը շատ կարևոր է արտադրություն կազմակերպելու համար»։ 

Եթե արտադրություն հիմնելը արդարացված լինի, հնարավոր է՝ խթանի նաև արդեն փակված ֆակուլտետի վերաբացմանը՝ այն նորից գրավիչ դարձնելով դիմորդների համար։

Միայն թե ավիափորձագետը վստահ է, որ մոտ ապագայում դժվար թե համապատասխան կադրեր ունենանք։ Համապատասխան մասնագետների պատրաստումն ու փորձառություն ձեռք բերելը ժամանակատար է.

«Ցանկացած բան սկսելու համար պետք է հիմնվել հմուտ կադրերի վրա, իսկ մենք կադր չունենք»։

Չեխական ընկերությունն այժմ հենց անձնակազմի փնտրտուքով է զբաղված։ Կարող են նաև վերապատրաստել մասնագետներին։ Կարևորը՝ վճռական են տրամադրված, նույնիսկ գործնական քայլերի են անցել։ Օերերս Չեխիայում Հայաստանի  դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է Օլոմոուցում տեղակայված «TechProAviation» և «Balus Tech» ընկերությունները՝ տեղում  ծանոթանալու Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու ծրագրերին։  Պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով չեխական ներկայացուցչությունը մարտին կայցելի Հայաստան։

Աղբյուր՝ armradio.am

Ձեզ կհետաքրքրի...