«Եվրանեսթ» ԽՎ-ի բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև Ուկրաինայի հարցով, որին ես կողմ չեմ քվեարկել՝ Հարավային Կովկասում անվտանգությունն իմ պատասխանատվությունն է. Մարիա Կարապետյան

Dem

  «Երեկ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում ընդունվել է հայտարարություն, որին ես կողմ չեմ քվեարկել, ձեռնպահ եմ եղել, որովհետև Հարավային Կովկասում անվտանգությունն իմ պատասխանատվությունն ու իմ առաջնահերթությունն է:

Բյուրոյի կազմը սեղմ է. կան մեկական անձինք՝ ԵՄ խորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարները՝ կանաչների, սոցիալիստների, պահպանողականների և ազգային պատվիրակությունների ղեկավարները: Հայաստանի պատվիրակությունից միայն ես էի, կային նաև Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները: Բանաձևի բովանդակությունն այսօր խմբագրման կենթարկվի շահագրգիռ անդամների կողմից և կհրապարակվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը պատրաստվո՞ւմ է հակառուսական բանաձև կամ հայտարարություն ընդունել: 

Պատգամավորը հավելեց նաև, որ այսօր քաղաքական կոմիտեի նիստին՝ Հարավային Կովկասում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ, հայ պատգամավորները՝ թե ընդդիմադիր, թե իշխանական, բարձրացրել են հումանիստար հարցեր, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անհապաղ վերադարձի, պատմամշակութային ժառանգության հարցերը, ինչպես նաև հումանիտար կազմակերպությունների ԼՂ մուտքի հարցը: Մարիա Կարապետյանն ընդգծեց նաև, որ այդ հարցերը բարձրացվել են նաև ՀՀ վարչապետի կողմից, երբ նա երեկ ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:   

«Երբ ես մեկնում եմ գործուղումների՝ խորհրդարանական վեհաժողովներ, ես հանդիպում եմ բոլոր երկրների պատվիրակների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի խորհրդարանականների, եթե ֆորմատը այդպիսին է: Ես կարծում եմ, որ անազնիվ, անարժանապատիվ մոտեցում է, որ ես, որպես կառավարող ուժի պատգամավոր, թաքնվեմ 18 տարեկան զինվորի հետևում և առաջարկեմ, որ նա մեր անվտանգության շուրջ որևիցե գործողություն կատարի: Ես իմ սեփական անելիքը ունեմ, և դա նշանակում է նաև խորհրդարանական վեհաժողովներին մասնակցություն:  Երևանն է հյուրընկալել խորհրդարանական վեհաժողովը, և ճիշտ չէր լինի, որ Հայաստանը հրաժարվեր ընդունել իր միջազգային գործընկերներին զուտ այն պատճառով, որ Ադրբեջանից պատգամավորներ պետք է մասնակցեն»,- նշեց նա: 

Նշենք, որ Երևանը հյուրընկալել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...