Մեզ թույլ չեն տալիս 2018-ի հաղթանակը մարսել, ուզում են մեր ժողովրդին այնպես ծնկի բերեն, որ մտածի՝ էս ինչ սխալ արեցի. 1in.am

Tuyl chen talis

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

Պարոն Բերբերյան, Բեռալուսի նախագահ Լուկաշենկոն կոչ է անում Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել: Այդ մասին նաև Հայաստանում են սկսել խոսել: Դուք դա ինչպե՞ս եք գնահատում:

Դրանք բոլորը մեզ օրակարգ պարտադրելու խաղեր են, ճնշումներ են, սրա տակ ոչ նորություն կա, ոչ նորություն: Այն, ինչ իրենք 30 տարի առաջ նախաձեռնել են, սա պետական մտածողություն է, պետություններն իրենց ընտրանքները ճշտել են, պայմանների համաձայն այս կամ այն շտկումներով, վերանայումներով առաջ են մղում: Ամենասկզբից, երբ սկսեցին հայ-թուրքական հաշտեցման մասին խոսել, հիմա առանց հաշտեցման հարաբերություններ հաստատելու օրակարգով են խոսում: Մենք կարիք չունենք մեր ժողովրդին հոգնեցնել, մեր ժողովրդի ցավն իրեն բավական է: Աջից, ձախից խփեցին, հիմա էլ զբաղեցնելու համար նյութեր են փնտրում:

Միութենական պետություն ստեղծելու մասին խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ նման հեռանկարից վախենալ պետք չէ:

Սրանք էն գլխից, ինչ որ Ռուսաստանը որոշել է, և Արևմուտքը համաձայնություն է տվել, այդ ուղղությամբ էլ գնում են: Արևմուտքի մեջ մտնում է նաև Թուրքիան: Թուրքիան մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայացուցիչն է, այդպես եղել է 70-80 տարի: 1950-ականների սկզբին վերջնականապես ամրագրվեց Թուրքիայի դերը տարածաշրջանում: Մենք է, որ տակավին մեր տեղը գտնելու դեգերումներն ունենք՝ մեկ աջ, մեկ ձախ, մեկ հյուսիս, մեկ հարավ:

Այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում, որ միութենական պետություն ստեղծելու մասին խոսում է ընդդիմությունը, մեկը, ով 10 տարի Հայաստանի ղեկավարն է եղել: Մենք նաև գիտենք, որ ՀՅԴ-ն է նրան սատարում, և առաջ գնում նրա գլխավորությամբ: Սա խնդիր չէ՞:

Իհարկե խնդիր է, որ մեկն ասենք, նույն բանը անընդհատ ասենք, հանրային կարծիքը զբաղեցնե՞նք: Այս միջավայրից, այս դրվածքից մեր քաղաքական, մեր հանրային մտածողությունը եկեք ձերբազատենք: Մեր ժողովուրդն ամեն անգամ, երբ Ռուսաստանը կորցնելու հավանական օրակարգ է դրվում իր առջև, սարսափում է: Մտածում են՝ հանկարծ այնպես չլինի, որ Ռուսաստանը թողնի մեզ, լքի մեզ, այս գայլերը մեզ կհոշոտեն: Սարսափում են այդ մտքից: Այս մոտեցումը 1920-ականներից ի վեր արմատացած է: Ընդ որում, սա միայն մեզ չի վերաբերում: 1860 թվականին որտեղից որտեղ Ռուսաստանը մտավ Լիբանան՝ իր ազդեցության գոտին հաստատելու: Պետք է պատմությունից դասեր առնել, նշաններից ճիշտ կողմնորոշվել, ուղենիշները տեսնել: Ռուսաստանն իր պետական շահերի վերաբերյալ իր պատկերացումներն է մշակել, և որ ուղղությամբ պայմանները հարմար լինեն, այդ ուղղությամբ էլ քայլ է անում: Եթե դժվարությունների հանդիպի, մեկ քայլ հետ կգնա՝ երկու քայլ առաջ գալու մտքով: Այն, ինչ ռուսական պետական մտածողության մեջ հասունացած տրամաբանություն կա, այդ տրամաբանությամբ էլ գնում է՝ լինի բոլշևիկ, կոմունիստ, թե ինչ: Ռուսաստանը գործում է մեծապետական տրամաբանության մեջ:

44-օրյա պատերազմից հետո, կարծեք թե, որոշակի տրամադրություններ են փոխվել, Ռուսաստանի նկատմամբ մեր հասարակության տրամադրությունները նախկինի պես չեն, որպես եղբայր արդեն չեն դիտարկում: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Մենք միշտ ունեցել ենք այդ թևը. Հիմա այդ թևն ուրախացել է, ասում է՝ ես ձեզ ասում էի և իմ ասածը ճիշտ դուրս եկավ: Այն պահին, երբ Ռուսաստանն այդ մտածողությամբ ցանկանա ուժ տալ իր քաղաքականությանը, հայերը Ռուսաստանի դեմ տրամադրությունները կմոռանան, կասեն՝ Ռուսաստանի հետ չէ մեր խնդիրը, էն մյուս Ռուսաստանն է, որ մեր հայրենիքի շահերին համապատասխանում է: Դրանք երգված երգեր են: Մենք պետք է մտածենք, որ մեր հարևաններ կոչված մեզ հոշոտողների առջև մեր միջից ի՞նչ ուժ կարող ենք գտնել, որ նվազագույն վնասով դուրս գանք, էլի մեր արյունը չխմեն: Մենք ճակատամարտում պարտված պետություն ենք, ժողովուրդ ենք, հիմա ի՞նչ անենք, որ նոր վնասներ չկրենք: Երբ Նիկոլ Փաշինյանին իրատեսության կրեդիտ էին տալիս, մեկը ես տվել էի, հենց նրա համար էր, որ ավելի լուրջ չվնասենք, այսքան վնասի հետ միասին փորձենք մեր վերքերը լիզել, դարմանել: Բայց իրեն հանգիստ չեն թողնում, Ռուսաստանից մինչև ԱՄՆ ասում են՝ մեր օրենքներով պետք է խաղը շարունակես: Այն, որ 2018-ի ապրիլին մենք չտեսնված, խաղաղ բարեշրջման հնարավորություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի պոռթկումով, դա թույլ չեն տալիս, որ մեր կոկորդով իջնի: Այդ հաղթանակը մենք չպետք է կարողանանք մարսել, մեր ժողովրդին պետք է այնպես ծնկի բերեն, որ ինքն իրեն սկսի խարազանել, թե ես ինչ սխալ քայլ արեցի, որ մեծերի խաղադաշտում ուզեցի ինքնագլուխ խաղացողի կարգավիճակ ստանալ:

 

Ձեզ կհետաքրքրի...